Աշխարհ

05.06.2019 17:40


«Deep Purple» խմբի «Smoke on the Water» երգի վերաթողարկումից հավաքված գումարները կուղղվեն Գյումրու երաժշտական դպրոցին

«Deep Purple» խմբի «Smoke on the Water» երգի վերաթողարկումից հավաքված գումարները կուղղվեն Գյումրու երաժշտական դպրոցին

«Rock Aid Armenia» բարեգործական նախագծի 30-ամյակի առթիվ նվիրված հանդիսավոր երեկոյին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել լեգենդար երաժիշտներ, «Deep Purple»-ի վոկալիստ Իէն Գիլանը, «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաև նախագծի հիմնադիր Ջոն Դինը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Rock Aid Armenia նախագծին՝ Իէն Գիլանն ասաց, որ բավականին անձնական է իր համար այս նախագիծը:

«Ես նորից այստեղ եմ։ Այս ծրագիրը ինձ համար շատ անձնական փորձառություն է, քանզի երբ 1990-ականներին մարզահամերգային համալիրում համերգ էինք տալիս, այդ ժամանակ տեղեկացանք Սպիտակում ողբերգական երկրաշարժի մասին և մեծապես ազդվեցինք: Շատ ազդեցիկ նկարներ կային այդ ողբերգությունից` ցայտուն հիշում եմ մի պատկեր, որտեղ մի ծեր կին ձեռքին պահում էր իր ընտանիքի 28 անդամների լուսանկարը, որոնցից միայն ինքն էր կենդանի մնացել: Ես մի մարդու հետ խոսեցի Սպիտակում , ով պատմում էր, որ իր քաղաքում երաժշտությունը լռել էր` ոչ ռադիոյով, ոչ եկեղեցում, նույնիսկ թռչունները չէին ծլվլում»,- պատմում է Գիլանը:

Ըստ Գիլանի` իրենք որոշեցին, որ երաժշտությունը լավագույն միջոցը կլինի վերակենդանացնելու աղետի գոտին, և այդպես էլ եղավ: Լեգենդար վոկալիստը միացավ Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման աշխատաքներին և երաժշտությունը շատ լավ իր դերը կատարեց վերականգնման գործընթացում:

«Սա է պատճառը, թե ինչու եմ ներառված այս նախագծում, և ինձ համար դա մեծ պատիվ է»,- ասաց Գիլանը:

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դինը Իէնին և Թոնիին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ երկու լեգենդները 30 տարվա ընթացքում շարունակում են օժանդակել ծրագրին և անձամբ գալիս են Հայաստան իրենց աչքերով տեսնելու, թե ինչով կարող են օգնել:

«Պետք է փաստենք, որ երկուսն էլ ջանք չխնայեցին Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար: Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի կապակցությամբ երեկոյան միջոցառում է կազմակերպվելու, որի բոլոր տոմսերը արդեն իսկ վաճառվել են: Դա ցույց է տալիս, որքան կարևոր է այս ծրագիրը: Մյուս ամիս նոր կայքի մեկնարկը կազդարարենք, որտեղ կզետեղվեն մինչ օրս երբևէ չհրապարակված ձայներիզները և տեսահոլովակները: Աշխարհով մեկ Smoke on the Water երգը նորից կվերաթողարկվի և դրա եկամուտները կուղղորդվեն Գյումրիի՝ դպրոցին երաժշտական գործիքները համալրելու նպատակով: Նաև նոր ալբոմ ենք թողարկելու, որը ոչ թե ռոք երաժշտություն է պարունակելու, այլ հայկական երաժշտություն»,- ասաց Դինը:

Նա հայտնեց, որ Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ թողարկվելու է ալբոմ` 5-րդ դարի հայ հոգևոր երաժշտության սկավառակ «Մաշտոց» անունով, իսկ սկավառակի ամբողջ հասույթը ևս փոխանցվելու է դպրոցի ֆոնդին:

«2013 թվականին, երբ Մատենադարան այցելելիս առաջին անգամ լսեցինք այդ երաժշտությունը, նպատակ դրեցինք անպայման պարզել, թե ում հեղինակած երաժշտությունն էր, որովհետև ամփոփում էր իր մեջ հայ լավագույն երաժշտությունը: Պետք է կոչ անեմ, երբ այն լույս տեսնի, աշխարհով մեկ բոլոր հայերը անպայման թող այդ սկավառակը ձեռք բերեն, քանի որ դրա ամբողջ հասույթը երաժշտական դպրոցի ֆոնդին է ուղղվելու, որպեսզի դպրոցը երաժշտական գործիքներ ձեռք բերի»,- եզրափակեց Դինը:

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին նշեց, որ ընդամենը 10 տարի է, ինչ մասնակցում է այս ծրագրին և հենց այն ժամանակ է առաջին անգամ եկել Հայաստան:

«Անհամբեր ակնկալում եմ իմ աչքով այդ դպրոցը տեսնել: Շարունակելու ենք այս նախագծի առաջխաղացումը այնքան, որքան կարողանանք»,- ընդգծեց Այոմին:

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դինը 30 տարի առաջ նախաձեռնեց այդ բարեգործական ծրագիրը` Սպիտակի երկրաշարժի տուժածներին աջակցելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը