Քաղաքական

05.06.2019 16:05


«Կոռուպցիային չեմ մասնակցել՝ ի տարբերություն շատերի, որ օլիգարխների հետ լավ էլ տակից համագործակցել են». Գ. Մանուկյան

«Կոռուպցիային չեմ մասնակցել՝ ի տարբերություն շատերի, որ օլիգարխների հետ լավ էլ տակից համագործակցել են». Գ. Մանուկյան

«Ազգային արժեքների համար մարդ են ծեծում։ Սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին հայտարարություններին։

Ն. Փաշինյանը նաև զգուշացրեց, որ, եթե դա կազմակերպված ակցիա է եղել, ապա իրավական գնահատականը կփոխվի, նաև հորդորեց՝ իրենց բարեկրթությունը չշփոթել թուլության հետ։

168.am–ը թեմայով մեկնաբանություն խնդրեց Գեղամ Մանուկյանից։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ անդրադարձել էր ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու միջադեպին: Ի դեպ, Հարությունյանը բռնության ենթարկվելու համար մեղադրել էր դաշնակցականներին:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում՝ սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն՝ ներկայանալու իրավապահներին»,- գրել էր Մանուկյանը։

Նման հայտարարություններով հանդես էին եկել նաև այլ դաշնակցականներ՝ նշելով, որ հենց իրենք են եղել Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկողները:

Մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանը վարչապետի հայտարարության պաշտոնական գնահատականի համար խորհուրդ տվեց դիմել ՀՅԴ Գերագույն մարմին, իսկ անձնական կարծիքը ներկայացրեց հակիրճ.

«Ես եմ խոսել ազգային արժեքների պաշտպանության մասին, լավ եմ արել։ 25 տարի էլ խոսել եմ, թալանի չեմ մասնակցել, կոռուպցիային չեմ մասնակցել՝ ի տարբերություն շատերի, որ օլիգարխների հետ լավ էլ տակից համագործակցել են»։

ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանել հայտարարությունը. նիստի էր։

Այս խորագրի վերջին նյութերը