Աշխարհ

05.06.2019 20:30


Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հուլիսի 28-ից ոչ ուշ. Sky News

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հուլիսի 28-ից ոչ ուշ. Sky News

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այն շաբաթվա ընթացքում, որն սկսվում Է հուլիսի 22-ին, այսինքն՝ հուլիսի 28-ից ոչ ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ հրապարակելով պահպանողականների գործող ներկուսակցական ընտրական համակարգի փոփոխման վերաբերյալ վերջին որոշումները, որոնք հունիսի 4-ին ընդունել Է 1922 կոմիտեն, որը միավորում Է շարքային թորի-հանրապետականներին եւ լուծում Է կուսակցության առաջնորդի ընտրման կամ փոխարինման հարցերը:

Կուսակցության առաջնորդի թեկնածությունների շուրջ քվեարկության առաջին փուլը թորիների խորհրդարանական խմբակցության անդամները կանցկացնեն հունիսի 13-ին: Թեկնածուների հետագա մաղումները տեղի կունենան հունիսի 18-ին, 19-ին եւ 20-ին: Դրանից հետո ցուցակում պետք Է մնա միայն երկու հավակնորդ, որոնց ճակատագիրը կորոշեն արդեն ոչ թե Համայնքների պալատի պատգամավորները, այլ Պահպանողական կուսակցության շարքային անդամները: Նրանց շրջանում անցկացվելիք քվեարկության արդյունքները հայտնի կդառնան միայն մեկ ամիս անց՝ հուլիսի 22-ից ոչ շուտ: Այդ օրը մեկնարկող շաբաթվա ընթացքում երկրի գործող վարչապետ Թերեզա Մեյը, որն արդեն հունիսի 7-ին կթողնի թորիների առաջնորդի պաշտոնը, պետք Է իր պաշտոնը զիջի կառավարող կուսակցության ընտրված ղեկավարին:

Ներկայում Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնին պաշտոնապես հավակնում են ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը, բրիտանացի պատգամավոր Մարկ Հարփերը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը:

Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք Է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը