Քաղաքական

03.06.2019 11:35


Առաջին վեթինգված դատավորը

Առաջին վեթինգված դատավորը

Համակարգիչը Քոչարյանի գործով դատախազության բողոքը քննող դատավոր է ընտրել Արմեն Դանիելյանին։ Ընդ որում, երկու տարբեր դրվագներով հենց միայն ու միայն իրեն։ Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ժողովրդի համակարգիչն է, նրա ընտրությունը չի կարող կասկած հարուցել։

Սա իրավամբ կարելի է համարել դատական համակարգի վեթինգի առաջին օրինակը, իսկ Արմեն Դանիելյանին՝ առաջին վեթինգված դատավորը։ Սա նշանակում է մեկ բան. իշխանությունը վեթինգի գաղափարի տակ հասկանում է բացառապես հետեւյալը՝ գործադիրից եկող հրահանգների աներկբա կատարում։ Առանց քննարկում, առանց խղճի խայթ եւ առանց ավելորդ հարցերի։

Սա շատ բարդ պարտականություն է: Ամենայն հավանականությամբ, մենք առաջիկայում կտեսնենք դատավորների հրաժարականների շարք: Դատավորները պարզապես չեն ցանկանա մտնել քրեական հանցագործության տակ, քանի որ հասկանում են, որ այսօրվա ապօրինի հրահանգավորված վճիռների կայացման դեպքում վաղը հայտնվելու են մեղադրյալի աթոռին։

Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ խոսքը ամենեւին ոչ թե քաղաքական, ոչ թե աղմկահարույց գործերի, այլ ունեզրկման վճիռների մասին է, որը մեզ, ամենայն հավանականությամբ, սպասվում է առաջիկայում։

Այսօր «ժողովրդի համակարգիչը» ակնհայտ զեղծարարությամբ ընտրեց դատավոր Արմեն Դանիելյանին: Տպավորություն է, որ իշխանությունը ձգտում է նրան, որ ամիսներ անց դատավորների մեծ մասը լինի Արմեն Դանիելյան։ Այդ դեպքում կարիք չի լինի համակարգչին դրդել հանցագործության. պահանջվող վճիռ կայացնող դատավորների պակաս այլեւս չի լինելու։

Եթե այսօր վեթինգված դատավորը խնդիր է ոչ իշխանական գործիչների եւ գործերի համար, ապա լիակատար վեթինգից հետո «Իմ քայլից», ՔՊ-ից, կառավարությունից, ուժայիններից, «Ժպիտների քաղաքի» հովանավոր մեծահարուստներից ոչ ոք ապահովագրված չի լինելու՝ անկախ իր գլխիկորությունից, նվիրվածությունից, հայացքների ճկունությունից, բարերարության ծավալներից եւ մարդկային որակների ուրացումից: Ժողովրդի համակարգիչը ու ժողովրդի դատավորը կատարելու են ցանկացած հրաման։

Այնպես որ, սա դեռ սկիզբն է։ Բայց ամեն ինչ նաեւ ժամանակավոր է։ Սա էլ կանցնի:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը