Տնտեսական

05.04.2010 14:29


Արծվիկ Մինասյան. «Այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

Արծվիկ Մինասյան. «Այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

Գնահատելով նախորդ 10 տարիների ՀՀ տնտեսությունը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ 1990-ականների կտրուկ անկումից հետո այդ տարիների տնտեսական աճը եղել է վերականգնողական։ Դա վերափոխման և տնտեսությունը տարբեր ուղղություններով զարգացնելու աճ չէր, որովհետև շրջանն ավարտվեց 2007թ. վերջին, և տնտեսության մեջ պետք էր նոր փոփոխություններ տեղի ունենային։

-Հաշվի առնելով նաև օբյեկտիվ հիմքերը՝ տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից էլ այն, որ որակական փոփոխություն տնտեսական ճյուղերի միջև տեղի չունեցավ,  և այդ քաղաքականության միտումը չի էլ երևում, ստացվում է, որ նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված աճը դարձել է անորակ, որովհետև այն կառուցված էր մեկ գերակա ճյուղի վրա, որը խժռում էր բոլոր միջոցները,-ասել է Ա. Մինասյանը։

Նա նշել է նաև, որ տրանսֆերների վրա ևս կարելի է տնտեսություն կառուցել, եթե դրանք ճիշտ ուղղորդում ունեն, այլ ոչ թե հենվել միայն մեկ ոլորտի՝ շինարարության վրա, որը լինելով առաջատար ճյուղերից մեկը՝ չպետք է մնա միակն ու գլխավորը։  Այդուհանդերձ, նա նշել է, որ առայսօր Հայաստանում ամենաարդյունավետ կառավարությունը, համենայնդեպս՝ հայտարարված ուղղությունների և նպատակներին հասնելու մակարդակի տեսանկյունից, եղել է 2003-2007թթ.։

Ըստ բանախոսի, սխալ է վարչապետ Տիգրան Սարգսյանին համարել նոր մարդ, քանի որ նա և կառավարության ներկայացուցիչներից շատերը ևս մասնակցել են նախորդ կառավարությունների ժամանակ տնտեսական կառուցվածքի ձևավորմանը։

Արծվիկ Մինասյանը նշել է նաև, որ սխալ է ասել, թե այս տնտեսության կառուցվածքի հիմքը դրվել է միայն նախորդ 10 տարիների ընթացքում. «Սրա հիմքը դերվել է 1990թ. սկսած»։

-Այո՛, օլիգարխիան ամրապնդվել է նախորդ 10 տարիների ընթացքում, որովհետև ձևավորման հիմքերը 1990-ականներն են եղել, սակայն այս օլիգարխիան իր վերջնական վերահաստատումն ունեցավ 2007թ. և 2008թ. ընտրությունների արդյունքներով, և այս պահին ես գրեթե անհնար եմ համարում, որ այն զերծ մնա քաղաքականության վրա թելադրանքից,-նշել է Ա. Մինասյանը՝ հավելելով, թե հետևաբար իրավիճակը չի փոխվի, մինչև ոչ միայն փոփոխություններ չլինեն քաղաքական դաշտում, այլև չլինեն փոփոխության անհրաժեշտ հիմքերը,-զուտ միայն ֆորմալ առումով փոփոխել իշխանությունը դեռևս բավարար չէ, հարկավոր է, որ հասարակության մեջ համախմբում տեղի ունենա այն արժեքների շուրջը, որոնք կարող են այդ նույն հասարակության համար կայուն ապագա ապահովել։

Նրա կարծիքով՝ զուտ իշխանափոխության կոչով ոչնչի չես հասնի, քանի որ կգա նորը, որն «ավելի մեծ վիշապ կլինի, քան նախորդը»։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ՀՅ Դաշնակցության կողմից կառավարության հրաժարականի պահանջին, Արծվիկ Մինասյանն ասել է, որ որպես տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ՝ ինքը 1 տարուց ավելի է՝ ասել է, որ այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ, իսկ  որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ՝ նշել է, որ կուսակցությունն այդ հարցը դեռևս չի քննարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը