Աշխարհ

01.06.2019 15:52


Հայ հանդիսատեսը Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կդիտի առանց սեքսի ու թմրանյութի տեսարանների

Հայ հանդիսատեսը Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կդիտի առանց սեքսի ու թմրանյութի տեսարանների

Կաննի կինոփառատոնում կայացած պրեմիերայից մի քանի օր անց երևանյան կինոթատրոնների էկրանին կհայտնվի ռեժիսոր Դեքստեր Ֆլեթչերի «Ռոքեթմեն» ֆիլմը, որը պատմում է Էլթոն Ջոնի կյանքի մասին:

Շատերին հետաքրքրում էր, թե ով է խաղալու մեծ վարպետին՝ հաշվի առնելով նրա իմպուլսիվ, եռանդուն և էքսցենտրիկ բարքերը երիտասարդության տարիներին։

Դեռևս ֆիլմի թողարկումից շատ առաջ քննարկվել և քննարկվել էին Թոմ Հարդիի, Ջասթին Թիմբերլեյքի, Դենիել Ռեդքլիֆի և էլի ուրիշների թեկնածություններ, սակայն արդյունքում գլխավոր դերը տրվեց Թերոն Էջերտոնին, որի առջև, ասում են, Էլթոն Ջոնը բարդ խնդիր էր դրել՝ չպատճենել իրեն ամեն ինչում, բայց ոչ էլ ստեղծել միանգամայն նոր կերպար, այլ մնալ «ոսկե միջինի» տիրույթում, ու նաև ֆիլմի բոլոր երգերը Թերոնն ինքն է երգել։

Ֆիլմը շատ ավելի մոտ է ֆենտեզի-բայոպիկի ժանրին, քան մյուզիքլին, քանի որ օգտագործում է Հոլիվուդի լավագույն երաժշտական ֆիլմերի տարրերը` այլընտրանքային իրականության պատրանք, ճանապարհորդություն ժամանակի մեջ, հեքիաթայնություն և այլն: Ֆիլմը կարող է առանձին դիտարկվել նաև որպես հիանալի նյութ բրոդվեյյան բեմին ադապտացնելու համար, սակայն ի տարբերություն «Բոհեմյան Ռապսոդիայի», որտեղ ռեժիսորներն աշխատել են The Queen երաժիշտների խիստ հսկողության տակ (բացի հանգուցյալ գլխավոր հերոս Ֆրեդի Մերկյուրիից), այստեղ ֆիլմը շնչում է «սեփական թոքերով»։

«Ռոկետմենը» պատմում է ստեղծագործական հանճարի ուժի մասին, ինչպես նաև մենակության դեմ պայքարի, երջանիկ կյանքի որոնման, որին, Էլթոնի խոսքով, ինքն արդեն հասել է։

Գոհ են բոլորը, բացի գրաքննիչներից. Ռուսաստանում ֆիլմից մի քանի դրվագներ են կտրել: Կինոժապավենից հանել են դրվագներ, որոնցում առկա են համբույրներ և նույնասեռականների անկողնային տեսարաններ, ինչպես նաև այն դրվագները, որտեղ թմրանյութ կա:

Հայաստանում նույնպես ֆիլմը կցուցադրվի նաև առանց հիշատակված տեսարանների, քանի որ Հայաստանը ֆիլմը ստանում է ՌԴ-ից։ Նշանակում է, որ հայ հանդիսատեսին կհասնի նույն վիճակում, ինչ ռուսականին:

Էլթոն Ջոնն ինքը պնդել է, որ ֆիլմում ամեն ինչ պետք է անփոփոխ մնա։ Երգիչը խոստովանել է, որ որոշ ընկերություններ դիմել են իրեն ժապավենը մեղմելու առաջարկով, որպեսզի իջեցնեն տարիքային ցենզը, ինչին Էլթոնը պատասխանել է. «Բայց ես կյանք չեմ վարել, որին կարելի է «13 +» վարկանիշ շնորհել: Ես չէի ուզում, որ պատկերը լցված լինի թմրանյութերով և սեքսով, բայց բոլորը գիտեն, որ ես շատ եմ ունեցել և՛ մեկը, և՛ մյուսը 70-ական և 80-ական թվականներին»:

Հայաստանում կինոնկարը լայն վարձույթ դուրս կգա հունիսի 6-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը