Լրահոս

03.04.2010 14:16


Այս տարի Ս. Հարության տոնը նշվում է ապրիլի 4-ին

Այս տարի Ս. Հարության տոնը նշվում է ապրիլի 4-ին

 Ճրագալույցի Զատկի տոնի կապակցությամբ, Հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 3-ի երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է։ Այն շարժական է։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով ։ Համաձայն եկեղեցու կանոնների՝ բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն՝ այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները:

Այս խորագրի վերջին նյութերը