Քաղաքական

30.05.2019 08:20


«Օքսֆորդ Անալիտիկսը» Հայաստանի համար արձանագրել է քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ

«Օքսֆորդ Անալիտիկսը» Հայաստանի համար արձանագրել է  քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ
168.am-ը գրում է․ Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված, VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։ Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։

Համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետևանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետևից անձամբ գնալու և իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» և նման կարգի հայտարարությունների և գործողողությունների։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, «մասկի շոուները» և տարբեր բիզնես ընկերություններում «ռեկետ» հիշեցնող դրսևորումները, դատարանները շրջափակելու նրա հակասահմանադրական կոչը և նմանատիպ այլ հայտարարություններն ու գործողությունները միայն բավարար էին, որպեսզի Հայաստանում որևէ ներդրում չլինի, և երկիրը քաղաքական ռիսկի վարկանիշով հայտնվի բարձր ռիսկային գոտում։ Նույնիսկ հայաստանյան ներդրողներն են այսօր խուսափում որևէ գործ նախաձեռնել, որովհետև երկիրն ապրում է անկանխատեսելի ռեժիմում՝ ասես հրաբուխի վրա, և չգիտեն՝ որ պահին երկրի վարչապետն ինչպիսի տրամադրություն կունենա և ինչ հրահանգ կիջեցնի։

Մանրամասները՝ 168.am-ում։

8989 56666-366x600

Այս խորագրի վերջին նյութերը