Քաղաքական

29.05.2019 16:30


ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ազատվել է կալանքից

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ազատվել է կալանքից

Ըստ 168.am հավաստի աղբյուրների՝ ՌԴ իրավապահ համակարգը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ազատել է կալանավորումից ու նրա համար սահմանել է տնային պայմանական կալանքի խափանման միջոցը, մինչև վերջնականապես կլուծվի վերջինիս՝ քաղաքական ապաստանի հարցը։

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպումից առաջ, ու մեր իշխանություններն այս ընթացքում ամեն կերպ թաքցրել են այս փաստը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ապրիլի 21-ին ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել էին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։

Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել էր ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 oրով կալանավորելու միջնորդությունը, սկսվել էր արտահանձնման գործընթաց, սակայն Միհրան Պողոսյանը ՌԴ իշխանություններին էր դիմել իրեն քաղապաստան տրամադրելու խնդրանքով։

Ինչպես ռուսական «Ռունա» պարբերականին հայտնել էր Պողոսյանի փաստաբան, Կարելիայի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր ուներ։

«Դիմումն արդեն պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել: Քաղաքացիական ապաստանի տրամադրման մասին որոշումն ընդունում է ՌԴ Նախագահին առընթեր հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար հիմքեր կան: Իր հայրենիքում Միհրան Պողոսյանին քաղաքական դրդապատճառներով հետապնդում են»,- ըստ factor.am-ի՝ նշել էր Միխայիլ Յամչիտսկին։

Մինչ այդ, 168.am-ը գրել էր, թե ինչո՞ւ էր Միհրան Պողոսյանը հայտնվել Կարելիայում։ ՌԴ Կարելիայի Հանրապետության նահանգապետ Արթուր Պարֆյոնչիկովը 2008-2017թթ. զբաղեցրել է ՌԴ Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավի պաշտոնը։

Միհրան Պողոսյանը 2008 թ. հունիսի 11-ին է ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։ Պաշտոնավարման ընթացքում խիստ մտերիմ հարաբերություններ են ձևավորվել նրանց միջև։

Ի դեպ, Պարֆյոնչիկովը, ով եղել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուսանողական ընկերը, մի քանի անգամ այցելել է Հայաստան։

Մ. Պողոսյանը ևս բազմաթիվ այցեր ու ջերմ հարաբերություններ է ունեցել ֆեդերալ մակարդակի այդ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը, ի դեպ, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և իր ծառայությունը սկսել է դեռևս Սովետական Միության դատախազությունում՝ հասնելով մինչև ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատախազի պաշտոնին։

Այս խորագրի վերջին նյութերը