Քաղաքական

29.05.2019 15:02


Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի չենթարկվող դատավորներից ազատվեն․ Ազարյան

Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի չենթարկվող դատավորներից ազատվեն․ Ազարյան

Դատական համակարգի շուրջ ներկայիս աղմուկի դեմ հանդես եկողները շեշտը դնում են նման փաստարկի վրա՝ իհարկե, մեր շատ դատավորներ մի բարի պտուղ չեն, բայց շատերն էլ կան, ովքեր համապատասխանում են իրենց դիրքին: Այսինքն, սխալ է բոլորին մի արշինով չափել` միանգամից ողջ համակարգին մեղադրանք ներկայացնելով: Ուստիեւ, ճիշտ ելքը սա է. գտնել անարդար դատավորներին ու պատժել, բայց կոնկրետ, հասցեական ձեւով, անմեղներին չարատավորելով: Մինչդեռ իրողությունը հակառակն է. որոշ դատավորների հասցեին մեղադրանքներ են հնչում` կապված Քոչարյանի գործի հետ, ընդ որում, ակնհայտորեն հենց սա էլ դարձավ ողջ համակարգին հարվածելու առիթ: Հանրության կողմից մշտապես դրական լույսի ներքո ներկայացվող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅԱՆԸ եւս թիրախավորվեց այն բանից հետո, երբ անձեռնմխելիության փաստով ազատ արձակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Ազարյանը:

-Նախկին իշխանությունների օրոք հիշո՞ւմ եք նմանատիպ դեպքեր, երբ այս կամ այն թեկուզ քաղաքական զգայուն գործերով թիրախավորվի ողջ դատական համակարգը եւ առանձին դատավորներ:

-Եղել է, իհարկե, որ այս կամ այն դատական ակտից հետո կոնկրետ դատավորը թիրախավորվի: Բայց որ կոնկրետ գործադիր իշխանության ղեկավարի կամ օրենսդիր մարմնի կողմից թիրախավորվի ամբողջ դատական համակարգը, նախկին իշխանությունների օրոք նման բան ուղղակի չէր կարող լինել:

-Գաղտնիք չէ, որ կոնկրետ Ձեր անձը թիրախավորվեց, երբ Դուք անձեռնմխելիության փաստով ազատ արձակեցիք Ռոբերտ Քոչարյանին: Արդյոք դրա հետեւա՞նքն է մինչ օրս հնչող տարատեսակ քննադատությունները Ձեր անձի նկատմամբ:

-Իսկ ուրիշ քննադատելու առիթ տվե՞լ եմ: Ես չեմ կարող գնահատական տալ իմ որոշմանը, բայց չեմ գտնում, որ դա ինձ քննադատելու առիթ կարող էր տալ:

-Պարոն Ազարյան, Ձեզ հիմա էլ մեղադրում են գրագողության մեջ, անգամ ԱԺ հանձնաժողովի նիստ են հրավիրում հատուկ դրա համար: Սա ինչպե՞ս կորակեք:

-Այսպիսի մի բան ասեմ. վաղը-մյուս օրը, եթե ինչ-որ մի կին ներկայանա ու ասի, որ, օրինակ, ես երեխա ունեմ Ազարյանից, որովհետեւ երեխայիս աչքերը կապույտ են, եւ դա համընկնում է դատավոր Ազարյանի աչքերի գույնի հետ, հետաքրքիր է` նորի՞ց պետք է Ազգային ժողովի նիստ գումարեն եւ ինձ մեղադրեն հիմա էլ դրա մեջ: Հիմա ինչ-որ մեկը հայտնվել է ու ասում է, որ գրագողություն է կատարվել, քանի որ 17 էջ համընկել է, հիմա ես ի՞նչ անեմ: Գրագողություն որակելու համար առաջինը` դա շատ քիչ է, եւ երկրորդ` թող իրենք մի հատ իրենց հայելու մեջ նայեն, նոր ուրիշին գրագողության մեջ մեղադրեն:

-Ո՞ւր են տանելու դատական իշխանությունների նկատմամբ այս քայլերը:

-Տեսեք, դատական իշխանությունը երեք ճյուղերից մեկն է, որը անկախ է եւ չի ենթարկվում իշխանության մյուս թեւերին: Մինչդեռ գործող իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դատական համակարգը իրենց գրպանային համակարգը դառնա: Որպեսզի իրենք ստանան իրենց ուզած դատական ակտերը, որոշումները:

-Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ գա այն օրը, երբ դատական իշխանությունը փաստացի կհայտնվի գործադիրի անմիջական հսկողության տակ: Հաշվի առնելով, որ արդեն իսկ վարչապետի հորդորով մարդիկ դատարաններ են արգելափակում, մի օր էլ կարող է որոշեն, որ պետք է դուրս գան փողոց ու պահանջեն, որ դատական համակարգը ենթարկվի անմիջապես գործադիրի ղեկավարին:

-Վարչապետը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, իսկ օրենսդիրը նպաստում է դրան` օրենսդրական դաշտ ստեղծելով: Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ դատական համակարգը կարող է մի օր հայտնվել գործադիրի հսկողության տակ: Ինչ վերաբերում է վարչապետի կոչին՝ դատարանների մուտքերը արգելափակելու մասին, ապա ինձ մոտ ավելի շատ մտահոգություն առաջացրեց այդ մասին ոստիկանապետի հնչեցրած խոսքը. նա դա որակեց, որպես ինքնաբուխ ակցիա: Ես ոստիկանապետին ընդամենը կոչ եմ անում` բացի «Քրեական օրենսգիրքը» եւ հասկանա, թե ինչ է հանցագործությունը: Հանցագործությունը ցանկացած այն գործողությունն է, որը նախատեսված է «Քրեական օրենսգրքով»: Հիմա ուզում եք կատարվածի անունը դրեք ինքնաբուխ ակցիա կամ այլ մի բան, միեւնույնն է, եթե «Քրեական օրենսգրքով» նախատեսված է նման բան, դա հանցագործություն է:

-Հայտարարվել է դատավորների վեթինգ իրականացնելու մասին: Դուք պատրա՞ստ եք ենթարկվել վեթինգի:

-Անկեղծ ասած, ես դեռեւս պատկերացում չունեմ, թե ինչ ասել է վեթինգ, կոնկրետ ի՞նչ չափանիշներով է որոշվելու: Շատերը ասում են, այո, մենք պատրաստ ենք` մտածելով, որ դա հերոսություն է: Անձամբ իմ կարծիքը հետեւյալն է. եթե վեթինգ ասելով` ինչ-որ մեկը պետք է իմ մասնագիտական գիտելիքները ստուգի, ապա ես հիմիկվանից ասում եմ` ուղղակի չեմ ներկայանա:

-Պարոն Ազարյան, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը անցումային արդարադատության մասին: Առհասարակ, սա ի՞նչ է իրենից ենթադրում: Օրինակ, նախկինում կայացված, ուժի մեջ մտած վճիռները կրկին մտնելու են դատարան՝ նոր քննությա՞ն, թե՞...

-Ես իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ. ես ասել եմ ու էլի եմ կրկնում. վեթինգը, անցումային արդարադատությունը, այս ամենը իշխանությունների կողմից մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի իրենց չլսող, չենթարկվող դատավորներից ազատվեն, ուրիշ ոչինչ:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը