Աշխարհ

27.05.2019 15:58


ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին արգելել է Բաքվում Մխիթարյանին աջակցող ակցիաներ իրականացնել

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին արգելել է Բաքվում Մխիթարյանին աջակցող ակցիաներ իրականացնել

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին արգելել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ թիմի ներսում քննարկվել է, թե ինչպես կարելի է աջակցություն ցույց տալ հայ կիսապաշտպանին, ով չի կարողացել թիմի հետ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնել ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները դիտարկել են նախավարժանքի ընթացքում Մխիթարյանի անվամբ մարզաշապիկներ կրելու տարբերակը:

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից խստիվ արգելվել է նման քայլի գնալ, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ հանդիպումից առաջ պլանավորվող բոլոր ակցիաները պետք է քննարկվեն եվրոպական ֆուտբոլը կառավարող մարմնի հետ:

Պարբերականը հավելում է, որ «Արսենալ»-ը նույնպես զգուշավորություն է ցուցաբերում Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններում: Նշվում է, որ «Արսենալ»-ը չի ցանկանում լարվածություն հրահրել, ուստի Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» խաղը կանցնի առանց ակցիաների:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Այս խորագրի վերջին նյութերը