Քաղաքական

27.05.2019 12:00


«Եթե կան դավադրության մասին խոսակցություններ, ուրեմն Հայաստանն ու ԼՂ-ն չեն գործում՝ որպես մեկ օրգանիզմ»․ Խրամչիխին

«Եթե կան դավադրության մասին խոսակցություններ, ուրեմն Հայաստանն ու ԼՂ-ն չեն գործում՝ որպես մեկ օրգանիզմ»․ Խրամչիխին

«Ցանկացած պատերազմից հետո կարող են հանգամանքները քննվել՝ հետևություններ անելու նպատակով, հասկանալու համար, թե ինչու եղան բացթողումներ, հատկապես, երբ պատերազմն ըստ էության ավարտված չէ»,-այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմը հետաքննելու՝ իշխանությունների ցանկությանը և դավադրության մասին խոսակցություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում կատարվելիք փոփոխություններին նվիրված իր ելույթում նշել էր․ «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:

Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

Հարցին, թե հայկական կողմին ի՞նչ կտա ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննությունը, Խրամչիխինը պատասխանեց՝ ասելով, որ 2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունները կարճ էին, բայց այնուամենայնիվ դա պատերազմ էր և ոչ այնքան հաջողված հայկական կողմի համար, ի տարբերություն նախորդ՝ 1990-ական թվականներին տեղի ունեցած պատերազմի։

Չնայած, փորձագետի կարծիքով, դրանք համեմատելը ևս բարդ է, քանի որ այդ գործողությունների մասշտաբը և ժամանակաշրջանը տարբեր էր, բայց հայկական կողմն իր համար, ըստ նրա, կարող է քննել այդ իրադարձությունները և մասնավորապես մի քանի հարցեր: Հատկապես այն հարցը, թե ինչու էր այդ ամենն անակնկալ Հայաստանի համար, ինչու հայկական կողմը կորուստներ կրեց, և ինչու Ադրբեջանն ուներ տեխնիկական առավելություն։

Ռազմական փորձագետի կարծիքով, ցանկացած նման իրադարձությունից հետո կարող են նման հարցերը քննվել՝ հետևություններ անելու նպատակով, հասկանալու համար, թե ինչու եղան բացթողումներ՝ հատկապես, երբ պատերազմն ըստ էության ավարտված չէ, պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում է բարձր մնալ, երբ կողմերը չունեն կոնսենսուս կարգավորման սկզբունքների շուրջ։ Նա նշեց, որ այդ քննության արդյունքները Հայաստանի համար դասերի կվերածվեն։

«Ինչ վերաբերում է դավադրության մասին խոսակցություններին, ապա ինձ համար բարդ է այդ մասին որևէ բան ասել։ Չեմ կարող ասել, թե ներկայումս ինչպիսին է գործակցությունը Հայաստանի և ԼՂ իշխանությունների միջև, որքանով է դա միասնական օրգանիզմ»,-ասաց Խրամչիխինը։

Ռուս ռազմական փորձագետը, դիտարկելով այդ հայտարարությունները, եկել է այն եզրահանգման, որ, եթե կան նման խոսակցություններ, ուրեմն չկա միասնականություն, ինչ-որ բան այն չէ, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որոշ իմաստով արդեն տարբերվող դիրքորոշումներ ունեն, ինչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի օգտին չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը