Աշխարհ

25.05.2019 12:20


Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները չեն երաշխավորվում Բաքվի կողմից – բացատրում է պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին:

Ինչպես զանգվածային բոլոր երեւյույթները, այնպես էլ ֆուտբոլը դուրս է գալիս այն աշխարհի սահմաններից, որին նա պատկանում է ի սկզբանե- սպորտը- եւ էական ազդակ դառնում ֆինանսական, առեւտրական, երբեմն էլ քաղաքական շահերի համար: Եւ Կովկասը, այս առումով, այն տարածքն է դարձել այս օրերին, ուր ժամանակացույցի զարմանալի զուգադիպություններ են տեղի ունենում:

Ոմանք, հավանաբար, հիշում են հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ինչ որ պահի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցման որոշակի հույսեր էր արթնացրել: 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այցելել էր Երևան՝ հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ՝ ներկա գտնվելու համար Հայաստան-Թուրքիա խաղին, որում հաղթողը որակավորվելու էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Իրադարձությունն անապագա հույս էր իրականում, քանի որ հարաբերությունների նորմալացման չհաջողված այդ փորձից 10 տարի անց Անկարան Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում եւ առ այսօր չի ճանաչել Հայոց արդեն հարյուրամյա ցեղասպանությունը:

Ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի հանրապետությունում :

Այսօր, սակայն, բոլոր հայացքները թեքվում են դեպի Ադրբեջան, որի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում : Բաքուն հյուրընկալելու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլը, որում մրցակցելու են երկու անգլիական ակումբներ՝ Չելսին եւ Արսենալը: Այս քննադատություններից որոշները, մասնավորապես ադրբեջանական մայրաքաղաքի հեռավորության վերաբերյալ, բավականաչափ հիմնավորված չեն: Իհարկե, Ադրբեջանն ավելի շուտ Կենտրոնական Ասիայում է, քան Եվրոպայում : Սակայն ինչպե՞ս չընդգրկել այս երկիրը ՈւԵՖԱ-ում, այն դեպքում, երբ դրա մաս են կազմում մինչեւ Վլադիվոստոկ հասնող Ռուսաստանը եւ Միջին Արեւելքում գտնվող Իսրայելը:

Սակայն, շատ ավելի լեգիտիմ կլիներ քննադատել այս ընտրությունը ոչ թե մեզ՝ արտոնյալ Եվրոպացիներիս համար փոխադրման բարդությունների եսասեր պատճառաբանությամբ, այլ դաժան այն բռնապետության, որ այս երկիրը ներկայացնում է իր իսկ քաղաքացիների համար: Հիրավի՝ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների բնագավառում իր գրեթե բոլոր միջազգային հանձնառությունները, ինչը, կարծեք, խնդիր չի առաջացնում ՈւԵՖԱ-ի համար, որն ավելի մտահոգ է թվում ՍՈԿԱՐ-ին՝ ադրբեջանական նավթագազային ազգային ընկերությանը, իր հիմնական հովանավորների ցանկում պահելով, քան այս նկատառումով:

Երբ ինքը՝ Եվրոպայի Խորհուրդը...

Մինչդեռ, անարդարացի կլիներ քարկոծել ՈւԵՖԱ-ին միայն, այն դեպքում, երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպություն, որը հավակնում է երաշխավորել Մարդու իրավունքների հարգումը Եվրոպայում, շարունակում է Կասպից ավազանի այս բռնակալ պետությանը իր կազմում պահել: Քանի որ ոչ հիմնարար ազատությունների հանդեպ զանգվածային ոտնձգությունները, ոչ էլ նույնիսկ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կիրառվող ռասիզմը բավականաչափ չեն անհանգստացնում ստրասբուրգյան մեծարելի այս հիմնարկության խղճի անդորրը: Եւ այս առումով Մխիթարյանի դեպքն ավելի քան ուսանելի է:

Հենրիկ Մխիթարյանին՝ Արսենալի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու հնարավորություն չի տրվում միակ այն պատճառով, որ նա Հայաստանի քաղաքացի է, ճիշտ այնպես, ինչպես նրան արդեն արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2016 թվականի Եվրոպայի Լիգայի միջանկյալ խմբակային խաղերին մասնակցելու համար, երբ նա Բորուսիա Դորտմունդի առաջատարն էր: Ի դեպ, Մխիթարյանի դեպքն իր հետևում թաքցնում է շատ ավելի մեծ մի խտրականություն, քանի որ բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել եզրափակիչ այս խաղին՝ բացառապես իրենց հայկական ծագման պատճառով:

Թե՛ Մխիթարյանին, թե՛ իր արվեստի սիրահարներին ի ուշադրություն այդ երկրի իշխանությունները պնդում են, թե իբրեւ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը՝ Ադրբեջանի եւ իր հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ եղած հակամարտության պատճառով: Ինչն, ի դեպ, այնքան էլ հակաճշմարտություն չէ, որը սակայն Ալիեւի կլանին ամենևին էլ չի ազատում պատասխանատվությունից, քանի որ այն կրակամոլ հրշեջի նման տասնյակ տարիներ շարունակ բորբոքում է իրական կամ թվացյալ հայկականության հանդեպ ռասայական ատելության մոլեռանդ քաղաքականություն:

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է եւ ֆինանսապես հովանավորվել իր իսկ՝ Ալիեւի կողմից՝ նման «քաջագործության» համար:

Ռասիստ եւ ազատասպան

Հիշեցնենք, որ պարտադիր չէ լինել միայն Հայաստանի քաղաքացի նման խտրականության զոհ դառնալու համար, այլ պատկանել հայկական «ռասայի», որը հեշտ ճանաչելի է իր ազգանվան «յան» վերջավորությամբ, ինչպես պարզ դարձավ վերջերս տեղի ունեցած միջադեպից թուրք մի լրագրողի հետ, եւ եթե այս ամենը խորապես տխուր չլիներ, ապա կարելի էր ի սրտե ծիծաղել նման զավեշտից: Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանին չի արգելվում մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարերին, ճիշտ այնպես ինչպես դա արվեց Հարավ-Աֆրիկյան հանրապետության հետ Ապարտեիդի տարիներին:

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է

Եւ ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի Հանրապետությունում: Հունիս 1-ից 9-ը ինքնորոշված փոքրիկ այս հանրապետությունը հյուրընկալելու է ԿՈՆԻՖԱ-ի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ուժեղ իր 53 անդամներով եւ 2019 թվականին հունվարին Բրիմայի Կարենսների նոր անդամակցությամբ՝ ԿՈՆԻՖԱ-ն կազմակերպում է Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ եւ նախատեսում է 2021 թվականից սկսած դրանք կազմակերպել նաեւ այլ աշխարհամասերում:

Գրեթե չճանաչված այս մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների բազմազանությունը ժպիտ է հարուցում. Սարդենիայից Աբխազիա, Պադանիայից Լապոնիա՝ անցնելով Շամերիայի անհավանական հանրապետությունով, որը գտնվում է Հունաստանի եւ Ալբանիայի միջեւ ընկած անհայտ մի կետում: Բայց չի կարելի թերագնահատել այն հույսը, որ համեստ այս մրցաշարը բերում է այնպիսի ժողովուրդների, ինչպիսին օրինակ Արցախինն է, որոնց հանդեպ կիրառվող արգելքը՝ մասնակցելու միջազգային փոխհարաբերություններին, արժանապատվության իրավունքի մերժում է պարզապես:

Ո՞վ կարող է պնդել, որ ճանաչված երկրի քաղաքացի չլինելը արգելում է մասնակցել ֆուտբոլի որեւէ առաջնության: Եթե, ինչպես մշակույթը, սպորտը հավակնություն ունի մերձեցնելու մարդկանց, ապա հարկ է նախընտրել չճանաչված մի երկրում ընթացող համեստ, հաճելի եւ մեծ հավակնություններ չունեցող մի մրցույթ, քան իր լեգիտիմությունը փնտրող երկրագնդի ամենառասիստ, բռնատենչ եւ ազատասպան պետություններից մեկում կազմակերպվող մի իրադարձություն:

Այս խորագրի վերջին նյութերը