Լրահոս

25.05.2019 11:08


Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Խոսքն, ի դեպ, վերաբերում է ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիներին: Երկու դեպքում էլ հարցը քննարկման, տեղեկատվության հավաքագրման փուլում է: Ինչպիս՞ի տրանսպորտ կունենանք եւ ե՞րբ… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հերթական մասնագիտական հանդիպում–քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրների թեմայով է եղել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում տրանսպորտի հիմնախնդիրներին վերաբերող մասնագիտական քննարկումը ավելի քան երկու ժամ է տեւում: Ավարտից հետո էլ մասնակիցները չեն շտապում հեռանալ: Քննարկմանը շահագրգիռ բոլոր կողմերն են հրավիրված, թեման էլ խիստ արդիական է, խոսելու շատ բան ունեն:

Սկզբում Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանն է ներկայացնում հանրապետական տրանսպորտային նոր ցանցի նախագիծը:

«IT ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակվել է ժամանակակից նոր լուծումներով երթուղային համակարգ, որտեղ հաշվի են առնված բոլոր նրբությունները: Կներդրվի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Պարտադիր կլինի նաեւ տեղորոշման սարքերի առկայությունը՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան երբ է շարժվում, որտեղի՞ց եւ ի՞նչ արագությամբ»,- նշում է նա:

Հանրապետական տրանսպորտային նոր ցանցով մինիմումի կհասցվի համայնքները մայրաքաղաքին կապող գծերը: Բնակիչները փոքր տրանսպորտային միջոցներով կուղեւորվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցով կհասնեն մայրաքաղաք:

Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նման մոտեցումը լիովին ճիշտ է համարում: Այսպիսով ամեն բան կենտրոնացած չի լինի մայրաքաղաքում: Կաշխուժանա կյանքը շրջկենտրոններում եւ ավելի համակարգված կլինեն ուղեփոխադրումները:

«Երեւան քաղաքը պետք է կապվի քաղաքների հետ, գյուղից Երեւան կանոնավոր երթուղի չպետք է լինի: Տուրիստական տեսանկյունից էլ եթե նայենք այդպես ճիշտ կլինի: Զբոսաշրջիկը այսօր հնարավորություն չունի երկու իրար կողք գտնվող քաղաքներ այցելել կանոնավոր ուղեփոխադրումների միջոցով, պետք է գա Երեւան, նորից գնա հետ»,-նկատում է նա:

Հարցին հակառակ կողմից է մոտենում նախաձեռնության անդամ Ներսես Բարսամյանը:

«Այդ դեպքում ուղեւորը ստիպված կլինի մի քանի անգամ վճարել, արդյո՞ք մայրաքաղաք հասնելը խնդիր չի դառնա մարդկանց համար»,- մտահոգություն է հայտնում նա:

«Եւ արդյոք մարդիկ հնարավորություն կունենան իրենց հարմար կանգառից նստել ավտոբուս, թե ստիպված կլինեն ամեն անգամ հավելյալ ծախս անել, ժամանակ վատնել եւ հասնել շրջկենտրոն»,-ավելացնում է նախաձեռնության անդամ Վարդգես Պապյանը :

Արմեն Կարապետյանը վստահեցնում է, տրանսպորտային միասնական նոր համակարգում բոլոր նրբությունները հաշվի առնված կլինեն եւ մայրաքաղաք հասնելը ավելի ծախսատար չի լինի քան այսօր, մարդիկ նույն գնով մի քանի տոմս կգնեն: Տոմսերն, ի դեպ, հնարավոր կլինի գնել եւ առցանց տարբերակով, եւ առձեռն: Տարբեր մարզերից եկող ավտոբուսները կկայանեն մայրաքաղաքի երեք ավտոկայններից մեկում եւ սերտորեն փոխկապակցված կլինեն ներքաղաքային տրանսպորտային ցանցի հետ:

«Երեւանի ներքաղաքային տրանսպորտային ցանցը նույնպես հիմնովին կփոխվի: Աշխատանքային խումբը արդեն իսկ ներկայացրել է ծրագիրը եւ սկսվել են քննարկումները: Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար»,-նշում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի դարձնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

ՋՋ ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը առաջարկում է եւ ներքաղաքային, եւ միջքաղաքային տրանսպորտային ցանցը նախագծելիս չմոռանալ նաեւ տաքսիների լիցենզավորման խնդրի մասին:

«Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20 000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչո՞ւ է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան մարզ»,-կարեւորում է նա:

Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը համաձայն է: Նրա կարծիքով պետք է հստակ գնային սանդղակ սահմանավի կանոնավոր երթուղու եւ տաքսի ծառայության համար: Նա ով նախընտրում է հարմարավետ ուղեւորությունը պետք է պատրաստ լինի ավելին վճարել, հակառակ դեպքում առաջանում է անհավասար մրցակցություն, որի պայմաններում կանոնավոր երթուղին չի կարող աշխատել:

«Բոլոր զարգացած երկրներում է այդպես: Եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու: Պետք է մշակել օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի ուղեփոխադրումների սակագնային սանդղակը: Միջքաղաքային տաքսու համար սահմանվի որոշակի գին, կանոնավոր երթուղու համար՝ մեկ այլ գին: Մենք հաշվարկել ենք եւ հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել արժեքները»,-ասում է նա:

Քննարկումը ամփոփում է բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:

«Տրանսպորտի թեման այնքան կարեւոր է, որ վերջին համապետական եւ տեղական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրերի մեջ է եղել եւ հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կան: Վստահ եմ, որ գործը առաջ կգնա, եթե կադրը իր տեղում է, իսկ այս դեպքում կադրը մարդ չէ, այլ կատարված գործ է, տվյալ դեպքում՝ ի դեմս բրենդների, որ այսօր կան ու փորձում են տարածվել»,-եզրափակում է նա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

60823835_2192658500841933_3434487228359770112_n 60823956_1016275608582532_7796003925919793152_n 60859289_336013870397593_4634711668813725696_n 61055514_592684747909012_8042869205755756544_n 61126870_314859049411984_3801330869126299648_n 61179885_2181488645281047_6597463147005607936_n 61191907_2459069957491439_5406266740692746240_n 61219905_2089040544555012_44833630299619328_n 61219955_614057299078194_5058734789012488192_n 61245419_426771061488880_9135067797011824640_n 61366754_664161177367165_5293516749591805952_n 61501799_647211985703696_4303983222628286464_n

Այս խորագրի վերջին նյութերը