Հարցազրույց

02.04.2010 17:01


Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյան

Հարցազրույց բլոգեր Տիգրան Քոչարյանի (Pigh) հետ

-Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում պատերազմի վերսկսումն է։ Նման քաղաքականությունը կարելի՞ է համարել սեփական հասարակությանը պատերազմին նախապատրաստելու քաղաքականություն։ 

-Իմ կարծիքով ադրբեջանական ԶԼՄ-ի նման պահվածքն ավելի շատ ուղղված է դեպի դուրս տանելու այս տեղեկատվությունը՝ հիմնականում ազդելու հայաստանյան և արցախյան հիմնախնդրով զբաղվող երկրների տեղեկատվական դաշտի վրա: Ադրբեջանում, ինչպես նաև մեզ մոտ, հասարակությունը հիմնականում չի օգտվում համացանցից, իսկ ի՞նչ է քարոզվում Ադրբեջանի ներքին տեղեկատվական դաշտում՝ մեզ համար համարյա անհայտ է:

-Մեր ինֆորմացիոն անվտանգության պատասխանատուները, խոսելով ոլորտի թերությունների կամ անելիքների մասին, կենտրոնանում են երկրորդական, երրորդական խնդիրների, ասենք չինովնիկների «Odnoklassniki.ru» մտնելու վրա։ Ադրբեջանի՝ պատերազմի վերսկսման գնալով ուժեղացող կոչերի ֆոնին, ըստ Ձեզ, մենք ի՞նչ ենք անում։

-Համապատասխան աշխատանքը տարվում է, ուղղակի որոշ հանգամանքներից ելնելով պարտադիր չէ PR անել հայկական կողմի հաջողությունները, քանզի շատ հաճախ դա հանգեցնում է հակառակ էֆեկտների: Հայաստանի կողմից չվերահսկվող սոցիալական ցանցերում շատ հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր այլ երկրների հատուկ ծառայությունների համար շատ կարևոր անձինք են, և նրանց մասին հնարավոր է լինում շատ արագ հավաքել անձնական և գործնական համապատասխան տեղեկատվություն:

-Մեր լրատվամիջոցները, լինեն տպագիր մամուլ, էլեկտրոնային, թե այլ, անկախ նրանից՝ ըննդիմադիր են, թե իշխանամետ, արդյոք քարոզո՞ւմ են հայրենիքը պաշտպանելու գաղափարը։

-Մեր լրատվամիջոցները հիմնականում զբաղվում են ներքին քաղաքական հարցերը ներկայացնելով, իշխանական մամուլը գովաբանում է իշխանություններին, ընդիմադիրը՝ անպատվում: Ավելի արդյունավետ են գործում էլեկտրոնային լրատվամիջոցները: Հայրենիքը պաշտպանելու գաղափարն այն գաղափարներից է, որը հիմնականում հիշատակվում է համապատասխան տոների ժամանակ, իսկ այնուհետև կրկին զիջում առօրյա տուրուդմփոցներին:

-Դուք անընդհատ բլոգային քննարկումների մեջ եք, այդ թվում նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եթե զուգահեռներ անցկացնենք, պատերազմի հարցում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Հայաստանում և Ադրբեջանում։

-Հիմնական շեշտադրումն այն է, որ որևէ կողմ չի ցանկանում  տեսնել պատերազմի վերսկսումը, սակայն երկու կողմերն էլ պատրաստ են պատերազմի: Իսկ տեղեկատվական պատերազմը չի դադարում, և ամեն օր երկու կողմից էլ լայն ճակատով տեղեկատվական հարվածներ են հասցվում միմյանց:

-Եթե արցախյան հիմնահարցը պատերազմով լուծելու այլընտրանք չլինի, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս Ադրբեջանը կփորձի հիմնավորել նոր տարածքների կորուստը։

-Իհարկե գնահատում եմ Ձեր լավատեսությունն այս հարցում, ուղղակի նույն հայաստանյան որոշակի շրջանակներում այնպիսի արտահայտություններ են սկսել հնչել, որ կարծիք է ձևավորվում, թե ազատագրված տարածքներ պահել ու զարգացնելը դարձել է մի քանու մարդու իսկական գլխացավանք, որից ինչքան շուտ է՝ պետք է ազատվել, էլ ինչ նոր տարածքների մասին կարող է լինել խոսքը: Իսկ պատասխանելով բուն հարցին՝ Ադրբեջանը նորից կսկսի համաշխարհային վայնասուն բոլոր միջազգային ատյաններում, ուղղակի կփոխվեն փախստականների թվաքանակը և «օկուպացված Ադրբեջանի» տոկոսը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը