Լրահոս

02.04.2010 15:09


Կ. Բեքարյան. «Պետք է կոշտ պատասխան տալ Էրդողանին»

Կ. Բեքարյան. «Պետք է կոշտ պատասխան տալ Էրդողանին»

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ Թուրքիայում բնակվող 100. 000 հայերին արտաքսելու մասին այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը հայկական կողմի համար բավական կոշտ արձագանքելու ամենալավ պահն էր։

-Իրականում քաղաքականության մեջ շատ հետաքրքիր իրավիճակ կա։ Կան դեպքեր, երբ կորցրած պահերը հետ վերադարձնելը լինում է բավական դժվար։ Ես երբևիցե չեմ եղել կողմնակիցը նրա, որ Հայաստանը վիժեցնի այս գործընթացը կամ սպասի առիթի կամ հնարավորության այն վիժեցնելու համար, եթե չասեմ լրիվ ընդհակառակը՝ ինքս համարել եմ, որ այս գործընթացը մեր երկրի համար բավական էական և կարևոր նշանակություն ունի, սակայն կան իրավիճակներ, որոնց նկատմամբ կոշտ արձագանքի բացակայությունը հղի է ավելի մեծ հետևանքներով։ Եվ այս տեսակետից ես կարծում եմ, որ պետք է լիներ բավական կոշտ արձագանք Էրդողանի հայտարարությանը,- «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է փորձագետը։

Նրա խոսքերով՝ կոշտ արձագանքի գործիքները տարբեր են, և  երկարաժամկետ պետականություն չունենալու արդյունք է նաև այն, որ մենք այսօր շատ դեպքերում դիվանագիտական արձագանքի այդ գործիքների համախումբը չենք կարողանում ամբողջապես պատկերացնել.

-Ներքուստ հույս եմ տալիս ինքս ինձ, չգիտեմ՝ որքանով արդարացված, որ ոչ հանրային, բայց դիվանագիտական ճակատում արձագանքը կոշտ եղել է։ Սակայն, միևնույն է, կարծում եմ, որ արձագանքի կոշտությունը պետք է տեղափոխվեր նաև հանրային բաց դաշտ։ Ինչպիսի՞ն կարող էր լինել այդ արձագանքը։ Օրինակ՝ ազդարարել գործընթացի սկիզբ ստորագրությունների հետ կանչի։ Ոչ թե հետ վերցնել ստորագրությունները։ Սրանք շատ տարբեր բաներ են։ Երկրորդ՝ արդյոք ժամանակը չի՞ (ի դեպ, վաղուց), որ ՀՀ ԱԳՆ-ն հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ այդ երկրի տարածքում լինելուց, մտնելուց, այդ երկրի հետ առնչվելուց։ Կարծում եմ, որ վաղուց դրա ժամանակն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը