Աշխարհ

23.05.2019 20:03


ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը: Մայիսի 10-ին կոնգրես նարկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը:

Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրներ են, որի շրջանակներում պարտավորված են համատեղ ջանքեր գործադրել կոլեկտիվ պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակ ԱՄՆ-ի հետ ունեցած տարածաշրջանային շահերին՝ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ, օկուպացիայի տակ է պահում հյուսիսային Կիպրոսը, հեռանում է ժողովրդավարական նորմերից, ոտնձգություններ է իրականացնում ազատ մամուլի վրա, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին անհիմն կերպով ձերբակալում է, որոնց հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս:

Բանաձևում հիշեցվում է, որ ռուսական պաշտպանական կամ էլ հետախուզական սեկտրի հետ կարևոր գործարքներ կնքող անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»):

Նշվում է, որ Թուրքիայի՝ ռուսական S-400 համակարգերի գնումը վնասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների անվտանգությանը և չի համապատասխանում F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու և այդ ինքնաթիռները իր սպառազինության մեջ ներառելու ծրագրին:

Միաժամանակ, հիշեցվում է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է F-35-ների ծրագրում, քանի որ արտադրում է ինքնաթիռի որոշ դետալներ, իր տարածքում հիմնել է ինքնաթիռների սպասարկման կենտրոն՝ այդպիսով 1.25 մլրդ դոլարի ներդրում կատարելով ծրագրում:

Բանաձևում թվարկվում է նաև պաշտպանական ոլորտում F-35-ների ծրագրից հանելուց բացի՝ Թուրքիայի վերաբերյալ կիրառվելիք հնարավոր այլ պատժամիջոցներ: Այդպիսիք կարող են լինել «CH-47F Chinook», «UH-60 Black Hawk» ուղղաթիռների, «F-16» ինքնաթիռների ու այլ ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը