Լրահոս

22.05.2019 18:20


Ինչ է սպասվում տնտեսության մեջ

Ինչ է սպասվում տնտեսության մեջ

«Տտեսական հեղափոխությունը» չսկսված՝ արդեն ավարտվել է:

«Միայն ՀԴՄ կտրոնով, ոչխար պահելով ու մոշ հավաքելով կա հպարտ քաղաքացուն փրկություն» լոզունգը, բնականաբար, չէր կարող աշխատել ու չէր կարող իրական տնտեսական արդյունքներ ապահովել, քանզի ներդրումներ չկան, կապիտալը փախչում է, և վտանգված է մասնավոր սեփականության ինստիտուտը:

Ուշագրավն այն է, որ 5 տոկոսի սահմաններում տնտեսական աճ խոստացած իշխանության հույսը և հաշվարկը... լրջորեն խոչընդոտված ներդրումային ծրագիրն է: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի մասին է:

Այդ թեմայով խոսել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Ըստ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ Հայաստանում 2019-ի համար 4,6-6,1 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է նաև այն, որ Ամուլսարի հանքը տարվա երկրորդ կեսից պետք է շահագործվի:

Սա այն հանքն է, որի աշխատանքերը պարալիզացված են մոտ մեկ տարի՝ հեղափոխական տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ հանքի ճանապարհը փակելու միջոցով: Եվ սա՝ կառավարության զարմանալի անգործության կամ կասկածելի գործունեության պայմաններում:

Բա եթե տարվա սկզբից որոշվել է, որ հանքը, անկախ Փաշինյանի կողմից մշտապես գովազդվող փորձագիտական աշխատանքների արդյունքներից, պետք է շահագործվի ու նպաստի տնտեսական աճին, ապա ինչո՞ւ ի սկզբանե չկանխվեց մեր երկրի ներդրումային իմիջին լրջորեն հարվածած այս պատմությունը: Ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից պոպուլիզմով է զբաղվում, իսկ մյուս կողմից մտածում է, թե ինչպես է այդ հակապետական պոպուլիզմի տակից դուրս գալու, քանզի որպես վարչապետ՝ հասկանում է, որ առանց ներդրումների չի կարողանալու բազմաթիվ հարցեր լուծել, քանզի ֆեյսբուքյան «լայվերն» արդեն չունեն նախկին էֆեկտը:

Ստացվում է նաև, որ Փաշինյանը մի կողմից քարոզում է հանքարդյունաբերության դեմ ու մատը մատին չի տալիս Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի կյանքի կոչման համար, բայց մյուս կողմից տնտեսական աճի հույսը դրել է հանքարդյունաբերության վրա ու հատկապես հեղափոխական տեռորի ենթարկված Ամուլսարի հանքի վրա:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը