Լրահոս

02.04.2010 11:22


Թուրք և ադրբեջանցի կոմպոզիտորների գործերը չեն կատարվի

Թուրք և ադրբեջանցի կոմպոզիտորների գործերը չեն կատարվի

Օրերս բլոգերում և հանրության շրջանակում լուրեր են տարածվել, որ ապրիլի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թուրքական և ադրբեջանական կոմպոզիտորների գործեր են նվագելու։

Այս կապակցությամբ բլոգերներից մեկը (http://ahousekeeper.livejournal.com/716415.html) գրել էր հետևյալը. «Զանգեցի Կամերային տուն՝ ճշտելու՝ արդյոք այդպե՞ս է։ Պատասխանողը Կամերային տան տնօրենն էր։ Ներկայացավ որպես Արման։ Տեղյակ չէր, որ վաղվա միջոցառման ժամանակ կատարվելու են նաև թուրքական ու ադրբեջանական գործեր։ Զանգեց ճշտելու։ Իրեն պատասխանեցին, որ «ադրբեջանականը հանել են», իսկ «թուրքականը լինելու է»։ Հարց տվեցի՝ արդյոք հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում Կոմիտասի անվան դահլիճում նման միջոցառում անցկացնելը։ Ասաց. «Այո, բայց եթե նույնիսկ ինքը՝ ֆուտբոլի նախագահն է հրավիրում...»։ -Չդիմացա։ Շատ պատկերավոր բացատրեցի, թե ինչ կարծիքի եմ նախագահի այդ արարքի ու ընդհանրապես այս ամբողջ գործընթացի մասին։ Տնօրենը լռեց։ Հետո ասաց. «Բայց ախր մենք չենք անում, ընդամենը վարձով տրամադրում ենք տարածքը»։ -Զգուշացրի, որ մեր զրույցի մասին բլոգումս եմ գրելու։ Առաջարկեց խոսել կազմակերպիչների՝ «XXI դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի ներկայացուցիչ ոմն Սոնայի հետ»։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը, XXI-ի հեռանկարները ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 2-ին կներկայացնի հատուկ ծրագիր՝ CONVERGENCE անվանումով, որտեղ հանդես կգան շվեյցարական Aquatuor և Pre-art խմբերը։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Pre-art-ը համագործակցում է երիտասարդ կոմպոզիտորների հետ՝ նրանց հնարավորություն տալով հասնել միջազգային ճանաչման, ինչպես նաև ինքնահաստատվել իրենց իսկ երկրներում: Չորս տարի առաջ կազմակերպությունը նախաձեռնել է Pre-art-ի մրցույթը երիտասարդ կոմպոզիտորների համար: Մրցանակների են արժանացել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Խորվաթիայի, Կոսովոյի, Լատվիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուզբեկստանի կոմպոզիտորները:

Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի կողմից հայ և օտարազգի երիտասարդ կոմոզիտորներին պատվիրված ստեղծագործություններ (Արման Ղուշչյանի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Աքշելյանի, Դարիա Անդովսկայի, Արթուր Ավանեսովի և այլոց)։

-Շվեյցարացիները ներկայացրին իրենց ծրագիրը՝ 4 հայ, մեկ մակեդոնացի, 1 թուրք և ադրբեջանցի։ Մենք ծրագրից հանել ենք թուրք և ադրբեջանցի կոմպոզիտորների գործերը, մնացած գործերը կկատարվեն,- «7օր»-ին ասել է «XXI-ի հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը