Հարցազրույց

01.04.2010 18:51


Վլադիմիր Կոստանյան

Վլադիմիր Կոստանյան

Հարցազրույց երգիծաբան Վլադիմիր Կոստանյանի հետ

-Մեր կյանքում ծիծաղելի՞ն է շատ, թե՞ զավեշտալին։

-Զավեշտալին ավելի շատ է։ Այս կյանքում ամեն քայլում զավեշտ է։ Քայլում ես՝ զավեշտ է, ապրանք ես առնում՝ զավեշտ է, հաց ես ուտում՝ էլի զավեշտ է։ Ամեն ինչի մեջ ես զավեշտ տեսնում եմ, որովհետև կյանքն է ստիպել մարդուն։ Դա կախված է նաև մարդու սոցիալական պայմաններից։

-Օտարերկրացիներիը երբ գալիս են մեր երկիր, ասում են, թե հայերս մռայլ ազգ ենք։ Համամի՞տ եք այդ կարծիքին։

-Սխալվում են։ Հայը որտեղ էլ լինի, հումորով է։ Հայը հումորով է ծնվում. մոր կաթի հետ է հումոր ստանում։ Մենք շատ ուրախ ազգ ենք, ճիշտ է՝ տանջված ենք, բայց հաստատ մռայլ չենք։

-Ըստ Ձեզ՝ մենք հե՞տ ենք վարժվել ուրախանալուց։

-Ես  պատահական չասացի. հայը որտեղ էլ որ լինի, ինչ պայմաններում էլ լինի, ուրախությունների, նույնիսկ դժբախտությունների ժամանակ հումորն ու ծիծաղը կա։ Նույնիսկ թաղումների ժամանակ կա ծիծաղ։ Այնպես որ մեր ազգը չի կարող հետ սովորել. հումորը մեր մեջ է։ Ես չեմ պատկերացնում հայ ազգին առանց հումորի։ Մի օրինակ բերեմ՝ մեր մեծ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մայրը մահացել էր, և թաղումը դեռ չեղած՝ դերասանուհին բեմի վրա խաղում էր, արցունքները հոսում էին աչքերից, սակայն նա խաղում էր։

-Դուք զբաղվում եք նաև քաղաքականությամբ։ Համենայնդեպս՝ ուզում էիք պատգամավոր դառնալ։ Ձեր կարծիքով ամենազավեշտալի քաղաքական գործիչն ո՞վ է։

-Շատ զավետալի քաղաքական գործիչներ կան, բայց ամենազավեշտալի մարդը, որ մուրճը խփում է թե՛ այս մեխին, թե՛ այն մեխին, միանշանակ իմ շատ սիրելի, իմ հարգարժան Հմայակ Հովհաննիսյանն է։

-Այսօրվա կապակցությամբ որևէ զավեշտալի դեպք կամ անեկդոտ կպատմե՞ք։

-«Տղամարդիկ» ֆիլմը տեսած կլինեք։ Դրա նմանությամբ մի բան եղավ։ Ես աշխատում էի Սունդուկյանի անվան թատրոնում որպես փոխտնօրեն։ Մեր իրավաբանի հայրը մահացել էր, ու քանի որ ներկայացում ունեինք, թաղման արարողությանը չկարողացանք մասնակցել։ Յոթին գնացինք։ Հասցեն վերցրել էինք՝ Լենինգրադյան փողոց, այսինչ շենք։ Ես էի, մեր հարգարժան տնօրեն Վրեժ Հակոբյանը, գլխավոր հաշվապահը և գլխավոր ադմինիստրատորը։ Հասանք Լենինգրադյան փողոց, տեսանք՝ մարդիկ հավաքվել են, մոտեցանք, հարցրինք, թե այնտե՞ղ է Գագոյենց տունը, ասացին՝ այո։ Բարձրանում ենք 5-րդ հարկ։ Չնայած գիտեինք, որ նրանք երկրորդ հարկում են ապրում, բայց բարձրացանք։ Հերթով ներս մտանք։ Մի մեծ ծաղկեփունջ էինք տարել, դա էլ տվեցինք։ Մոտեցանք, հարցրինք, թե ո՞ւր է Գագոն։ Գագոն մոտեցավ, բայց մեր Գագոն չէր։ Շատ ժողովուրդ կար, հասկացան, որ սխալվել ենք, ու բոլորը ծիծաղում էին։ Տխուր բարձրանում էինք, ծիծաղելով իջանք։ Երրորդ հարկում բռնացրին մեր հաշվապահին և 5 հատ վարդ տվին։ Նստեցինք մեքենան, մոտ կես ժամ ծիծաղում էինք։ Պարզվում է՝ մի երկու շենք այն կողմ էր մեր Գագոյենց շենքը։ Գնացինք այնտեղ էլ պատմեցինք, բոլորը ծիծաղում էին։ Էս էլ ըսենց։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը