Քաղաքական

20.05.2019 17:05


Վարչապետի հորդորները՝ «դուխով» շրջափակված պահել դատարանները, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ. ՀԺԱՄ

Վարչապետի հորդորները՝ «դուխով» շրջափակված պահել դատարանները, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ. ՀԺԱՄ

Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարությունը ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Սահմանադրությունը ստեղծում է բավարար հիմքեր իշխանությունների տարանջատման և անկախ գործունեության համար, իսկ գործադիր իշխանությանը, վարչապետի գլխավորությամբ, օժտում լիազորություններով երկրի բնականոն առաջընթացն ապահովելու համար: Ցանկանում ենք փաստել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործադիր իշխանության կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկու անգամ կոպտորեն խախտվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման նորմը: Առաջինը կատարվեց 2018թ. հոկտեմբերին, երբ շրջափակվեց Ազգային Ժողովը և սպառնալիքի ազդեցության տակ ԱԺ խմբակցություններից կորզվեց վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու որոշում, երկրորդը կատարվում է այսօր՝ նմանատիպ շրջափակում իրականացնելով դատական իշխանության նկատմամբ: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օգտվելով նախկին իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած դժգոհություններից, չարաշահելով նրանց վստահությունը, միտումնավոր կազմալուծում է դատական իշխանությունը՝ անցումային արդարադատության համար հիմքեր նախապատրաստելու և միանձնյա իշխանություն հաստատելու նպատակով:

Հետևաբար, ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչը համարում ենք պետության հիմքերը խարխլող գործողություն և խստորեն դատապարտում ենք այն: Իսկ վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները՝ «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ և զգուշացնում, որ այն լի է վտանգավոր հետևանքներով, որոնց պատասխանատվությունն ընկնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը