Լրահոս

18.05.2019 10:05


Զվարճալի կամ տարօրինակ գյուղատնտեսություն

Զվարճալի կամ տարօրինակ գյուղատնտեսություն

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հաճախ է հանդիպում լրագրողների հետ: Ինչ–որ իմաստով նա ոլորտի եզակի փորձագետներից է, ով պարբերաբար ներկայացնում է իր կարծիքը գյուղատնտեսության ոլորտում կատարվող գործընթացների մասին: Ներկայացնում է բավական ինքնատիպ ու հյութեղ բառապաշարով: Այս հանդիպումն էլ բացառություն չէր:

«Ինքնահոս ջրատարով մատակարարվող ջրի ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի ծախս են մտցնում ու ներկայացնում գյուղացուն», «Անցած տարվա կարտոֆիլը 250-300 դրամ է, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում», «Ներկրված 800 տոննա կարտոֆիլի սերմացուի մասին չեմ ուզում խոսել», «Չեն իմանում՝ կովը քանի պտուկ ունի, բայց կովի համար շինարարություն են անում»... Համաձայնեք, որ դիպուկ է: Սակայն քննարկված թեմաներից մեկը արժանի է առանձին անդրադարձի: Խոսքը տոհմային տավարաբուծության զարգացման՝ կառավարության ընդունած ծրագրի մասին է:

Դրա մասին տևական ժամանակ է՝ խոսում են մեր տնտեսության ղեկավարները, բայց, ըստ փորձագետի, «անցած տարի Գյուղատնտեսության նախարարությունը Լիտվայից ներկրեց խոշոր եղջերավոր անասուններ, որտեղ մոտ 30 անորակ, կիսահիվանդ, երկրորդ ծնելիության անասուններ կային, որը հակասում էր պայմանագրին, այսինքն՝ գյուղացուն ուղղակի խաբել էին»: Ու հիմա կրկին խոսվում է այն մասին, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման և արտերկրից բարձր վերարտադրության խոշոր եղջերավոր անասունների ներմուծման ծրագրեր է մշակել:

Հանկարծ հիշեցի, որ ճիշտ նմանատիպ տեքստեր մոտ մեկ տարի առաջ «թմբկահարվում էին» ադրբեջանական մամուլում: Այնտեղ էլ կառավարությունը որոշել էր աջակցել գյուղին ու գյուղացուն: Հետևաբար, հետաքրքիր է քչփորել այդ երկրի մամուլը՝ տեսնելու, թե ինչ վիճակում են կառավարական ծրագրերը: Ինչ–որ իմաստով դա բարդ աշխատանք է, որովհետև մեր հարևան երկրում մամուլն անհամեմատ ավելի խիստ հսկողության տակ է: Ու հանկարծ հանդիպեցին հրապարակումներ, ուր խոսվում էր տոհմային տավարաբուծության՝ կառավարական ծրագրերի ձախողման մասին: Բնականաբար, այդ ձախողման պատճառը արտաքին պատճառների հետևանք է:

Պարզվում է, որ Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի Գյուղատնտեսության նախարարությունը ֆեդերալ օրենք է ընդունել տվել, որով արգելվել է գյուղատնտեսական կենդանիների առաքումը Ադրբեջան և ևս 13 երկիր: Պատճառն այն է, որ այդ երկրներ անասունների տեղափոխման կազմակերպումը «չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»: Այ այստեղ կարելի է երկու մոտեցում ցուցաբերել: Կարելի է ենթադրել, որ անասունների տեղափոխումը մասնագիտական հստակ վերաբերմունք պահանջող խնդիր չէ և ծաղրել ԵՄ երկրների չինովնիկներին կենդանիների իրավունքների պաշտպանության նկատմամբ չափազանցված վերաբերմունքի համար:

Նման մտածողության դեպքում օրինակներ միշտ էլ կարելի է գտնել: Մի քանի տարի առաջ հետխորհրդային երկրների մամուլը լիաթոք հռհռում էր Եվրախորհրդարան ներկայացված (հետո, բնականաբար, ընդունված) օրենքի նախագծի վրա: Այդ օրենքը խոզաբուծական տնտեսություններին պարտադրում էր առնվազն 55 եվրոյի խաղալիք գնել պահվող յուրաքանչյուր խոզի համար:

Բայց վերադառնանք ադրբեջանական դեպքին: Այս երկրի գյուղատնտեսական խնդիրները կարգավորող չինովնիկները հանկարծ պարզել էին, որ գյուղկենդանիներ տեղափոխելու մասնագիտական և օրենսդրական չափանիշներ կան: Օրինակ՝ տավարը քանի ժամ կարող է գտնվել փոխադրականի մեջ, որ այնուհետև պիտի իջեցվի, ջրվի ու կերակրվի, ապա առնվազն 24 ժամ հանգստանա՝ ճանապարհը շարունակելու համար: Ադրբեջանցիները զարմանքով պարզել էին, որ տեղափոխող ավտոմեքենաների ու վագոնների քաշի ու ծավալի եվրաստանդարտներ կան: Այլ կերպ ասած՝ գերմանական իշխանությունները «կենդանիների իրավունքների պաշտպանության» նորմատիվներով վիժեցրել էին տոհմային տավարաբուծության զարգացման ադրբեջանական կառավարական ծրագրերը: Փաստորեն, գյուղատնտեսության ոլորտը միայն Հայաստանում չէ, որ մասնագիտական դժվարությունների ու զվարճանքների թեմա է դառնում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը