Քաղաքական

17.05.2019 12:50


ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, ըստ որի՝ բոլորին պետք է ձերբակալել և կալանավորել. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, ըստ որի՝ բոլորին պետք է ձերբակալել և կալանավորել. Արամ Օրբելյան (տեսանյութ)

«ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, ըստ որի՝ բոլորին պետք է ձերբակալել եւ կալանավորել, որովհետեւ բոլորը հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ»,-ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ հույս կար, որ այս մոտեցումը անցյալ տարի կփոխվի. «Դրանից առաջ էլ հույս կար, բայց ցավոք սրտի, դեռ շարունակում է մնալ հույսը, որ քրեապատժողական համակարգն ավելի լավը կդառնա, եւ միջդատական կալանքը կամ դատաքննության կալանքը չեն լինի ինքնանպատակ, եւ հենց հարցը մի քիչ ծանր լինի, մի քիչ ոչ ստանդարտ, միանգամից կալանավորեն»։

Ըստ պաշտպանի՝ սրա ամենատիպիկ օրինակը Գլխավոր դատախազի դատարան կցկտուր մոտենալն էր. «Մենք կողմ ենք, որ նա ներկա գտնվի եւ վարի այս գործը, որովհետեւ այն իր բարդությամբ այնպիսին է, որ ենթադրում է նման տիպի մասնակցություն, բայց այն ակնհայտորեն օգուտ չի բերում, երբ Գլխավոր դատախազը ներկայանում է առաջին եւ վերջին նիստերին, ընդ որում, վերջին նիստին ներկայանում է, երբ քննարկվում է, որ ԼՂՀ երկու նախագահներն են երաշխավորություն տալու, եւ իր փակման խոսքում ձեւակերպումներով համարյա սպառնում է դատարանին»։

Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի էլ՝ այդ սպառնալիքներից էր այն, որ խեղաթյուրեցին Ալումյանի խոսքերը. «Կամ կոչեր հնչեցրին չհետեւել մեր դիրքորոշումներին, եւ մի շարք արտահայտություններով ներկայացրին, որ ամբողջ պատասխանատվությունը ընկել է դատարանի վրա, նման արտահայտությունները իրավական բնույթի չեն, եւ դատարանին առանց այդ էլ այս շատ կարեւոր գործի լարվածության պայմաններում լրացուցիչ լարվածության տակ են դնում»,-նշեց Խուդոյանը։

Օրբելյանն ընդգծեց նաեւ, որ Դատախազությունը դեռեւս չի ստանում իրավական պետության ընկալումը. «Դատախազներից մեկը մի հինգ անգամ ասաց՝ «պաշտպանները ձեւական պահանջներով, ձեւական մոտեցումներով»... Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Քրեական օրենսգիրքը առաջին տառից մինչ վերջինը ձեւականություն է․ քանի որ մենք չենք իմանում՝ ով է մեղավոր, եւ ով անմեղ, Քրօրենսգիրքը սահմանում է այն ընթացակարգը, որի շրջանակում պետք է դա ապացուցվի, հետեւաբար՝ երբ մենք բարձրաձայնում ենք ընթացակարգ, դա չի կարող ձեւական համարվել»։

Օրբելյանը նշեց նաեւ, որ այն փաստին, որ Քոչարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրող կողմը այդպես էլ անդրադարձ չկատարեց. «Ենթադրում եմ, որովհետեւ պատասխան չունեին, եւ շատ հարմար է ՝ որ մասով պատասխան կա, տալ, որ մասով չկա, չտալ»։

Խուդոյանն էլ լրացրեց, որ մեղադրական տոնով դիրքորոշում հնչեցրին իրենց հասցեին, թե առանձնացնում են առանձին ֆրագմենտներ, եւ դրանց մասին խոսում. «Դա համապատասխանում է իրականությանը, բայց խնդիրն այն է, որ մենք առանձնացնում ենք այն ֆրագմենտները, որոնք վերաբերում են մեր պաշտպանյալին. 30 էջից ընդամենը 2 պարբերություն է, որտեղ նկարագրվում է մեր պաշտպանյալի գործողությունները, եւ մենք առանձնացնում ենք այդ մասը, որպեսզի ցույց տանք, որ այս դատական գործը չի կարող վերաբերել որեւէ այլ հանգամանքի, եթե Դատախազությունը չի կարողանում հիմնավորել դրանց առնչությունը մեր պաշտպանյալի հետ»։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը