Քաղաքական

17.05.2019 12:10


«Ատելությունն օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխելիս տրանսֆորմացվում է բռնության». Ա. Հովհաննիսյան

«Ատելությունն օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխելիս տրանսֆորմացվում է բռնության». Ա. Հովհաննիսյան

Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը զեկույցի, ֆեյքնյուզի, ֆեյք էջերի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Ձեր ղեկավարած ՀԿ-ի կողմից հեղինակած, Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը կարելի՞ է դիտարկել որպես հիմնավորված հակափաստարկ երկրում հայտարարված սիրո եւ համերաշխության մթնոլորտի:

Իհարկե կարող է, սակայն իրականում, ենք զեկույցը չենք կառուցել ուղղակի հակափաստարկ բերելու մտայնությամբ։ Մեր խնդիրն է եղել բարձրացնել խոսքի ազատության, պատվի, արժանապատվության պաշտպանության ոլորոտում նախորդող տարվա ընթացքում կուտակված խնդիրները, վերլուծել դրանք եւ տալ լուծման հնարավոր ուղիները։ Ընդհանրապես, եթե չես կարողանում ժամանակին վերհանել խնդիրները, հետո դրանց համար լուծումներ գտնելը դառնում է անասելի բարդ, իսկ հետեւանքները՝ կործանարար։ Եթե հիմա մենք չաձագանքենք այն ամենին ինչին, ինչ կատարվում է սոցիալական եւ տարբեր այլ հարթակներոմ, կարող ենք բախվել իրավիճակի, երբ էականորեն նենգափոխվում են իրական ժողովրդավարական արժեքները։ Ատելությունը օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխվելիս տրանսֆորմացվում է բռնության, իսկ մենք բոլորս ապրում ենք օֆֆլայն տիրույթում։Բայց միթե դա այն նպատակն է, որին մենք ձգտում ենք։

Պաշտոնատար անձանց խոսքի ազատության սահմանների հետ կապված խնդիրներ բաժնում անդրադառնում եք հայտարարությունների, որոնք հակասում են մի շարք միջազգային նորմերի: Կա՞ն արդոք օրենսդրական մեխանիզմներ այդ հայտարարությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու:

Երբ մենք սկսում էինք դաշտի ուսումնասիրությունը, ապշած էինք տարբեր պաշտոնատար անձանց կողմից կատարվող հայտարարությունների այն ծավալով, որոնք ընդունակ են արատավորել պատիվը եւ արժանապատվությունը կամ անձանց անորոշ շրջանակի հան¬դեպ խիստ բացա¬սա¬կան վերաբերմունք առաջացնել։ Երբ դիտարկում ես լրահոսը մեկ օրյա կտրվածքով, թվում է, այնքան էլ վտանգավոր չէ, որ այս կամ այն պաշտոնյան կատարում է ծայրահեղ հայտարարություններ, սակայն երբ նայում ես ամբողջական պատկերը, իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Եթե որոշակի դեպքերում նույնիսկ կարելի է հասկանալ, որ ներկայիս պաշտոնյաները՝ վարչապետից մինչեւ կրթության նախարար ու ֆինանսների նախարարի տեղակալ ծայրահեղ հայտարարություններ են անում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ապա ոչ մի կերպ ընկալելի չէ, երբ պետական պաշտոնյաները թիրախավորում են լրագրողներին, փաստաբաններին եւ հասարակություն մեջ իրենք իրենց ձեռքով գծում են բեւեռներ։ Սա ավելի քան վտանգավոր միտում է։ Ցավոք, այս հարցի կապակցությամբ ամբողջական օրենսդրական մեխանիզմներ չկան։Այդ իսկ պատճառով մենք զեկույցում փորձել ենք ներկայացնել լուծման հնարավոր մեխանիզմներ՝առաջարկելով օրինակ բարձրաստիճան պաշնոտատար անձնանց էթիկայի կանոնակարգման որոշակի սահմաններ։

Զեկույցում անդրադարձել եք նաեւ ֆեյք նյուզի եւ սոցիալական ցանցերում «ֆեյք» էջերի խնդրին: Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում, եւ այս պահին որն է խնդրի լուծման առավել հարմար տարբերակը:

Վիճակը մեղմ ասած լավ չէ։ Ցանկացած այլակարծություն դիմավորվում է ֆեյքային հարձակումներով։ Սակայն կարծում եմ, որ դեռևս շատ վաղ է ֆեյքերի միջոցով իրականացվող մանիպուլիացիաների պետական կարգավորման մասին խոսելը։ Հատկապես այն պարագայում, երբ ֆեյքերով ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է իշխանությունների քաղաքական զինանոցի անժաբանելի մասը։ Բնականաբար ազդեցությունը հանգեցնում է հակազդեցության, եւ ֆեյքեր ունեն նաեւ իշխանության ընդդիմախոսները, սակայն դրանք իրենց քանակով եւ ազդեցության ծավալով չեն կարող համեմատվել «իշխանական» ֆեյքերի ծավալի հետ։Ուստի այս պարագայում պետական կարգավորումը կարող է հանգեցնել անբարենպաստ հետևանքների և անհավասար քաղաքական պայքարի (բալանսը թեքված կլինի հօգուտ իշխող քաղաքական ուժի, որը կարող է օգտագործել այս մեխանիզմը՝ իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով)։ Այս հարցի իրավական կարգավորումը դեռևս պետք է թողնել «սոցիալական կայք - օգտատեր» հարաբերությունների տիրույթում։

Իսկ քաղաքական առումով իշխանությունները ինքնին պետք է հրաժարվեն նշված գործելաոճից, քանի որ անընդհատ նշված գործիքների օգտագործումը հանգեցնում է ատելության միջավայրի հաստատման, իսկ ատելությունն էլ իր հերթին՝ բռնության։

Նույն կերպ վտանգավոր են ֆեյք նյուզի օրենսդրական կարգավորումները, քանի որ դրանք կարող են դառնալ մահակ խոսքի ազատության դեմ։ Մենք զեկույցում անդրադարձել ենք գերմանական, ֆրանսիական, բրիտանական կարգավորումների փորձին, որոնք այս ոլորտում առաջամարտիկ են ու նույնսիկ նման երկրներում օրենսդրական կարգավորումները առաջացնում են ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Դա է պատճառը, որ մեզ այս պահին պետք են փափուկ գործիքներ, ինչպիսին է մեդիագրագիտություն, իրազեկվածությունը, լրագրողական համայնքի պատասխանատու մոտեցումը։

Այս խորագրի վերջին նյութերը