Աշխարհ

17.05.2019 11:30


Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նիշանյանը, ով 2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Պոլսահայ մտավորականը կարողացել էր մեկնել Հունաստան և կարճ ժամանակ անց տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը