Աշխարհ

16.05.2019 21:00


Պոլսի հայոց պատրիարքարան. «Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել»

Պոլսի հայոց պատրիարքարան. «Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել»

Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հայաստանցի 13-ամյա տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ:

Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլ իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:

Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, ով պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել:

«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.

1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:

2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:

3.Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա, և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի (ընդունած լինի իսլամ- խմբ.), և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման է, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով, այդ հեռաարձակումը չի կարող իմաստ ունենալ:

4.Մենք՝ որպես հայերին ներկայացնող եկեղեցի, նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չենք ընդունում քրիստոնեության շարքերը: Եթե պիտի ընդունենք, կանչում ենք ընդունվողի ընտանիքի անդամներին ու ստանում նրանց գրավոր համաձայնությունը: Վերջում պետք է քրիստոնեություն ընդունողների անձնագրերում հիշատակվի այդ մասին: Ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում և ամենավերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը քրիստոնյա է դառնում:

5. Մենք բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ունենք: Կասկած չունեմ, որ Դուք էլ այլ կրոնների նկատմամբ հարգանք ունեք: Ցավալի է, որ նման բաները հեռուստատեսությամբ օգտագործվում են ռեյտինգ բարձրացնելու համար:

Աթեշյանը նշել է, որ զրույցի ընթացքում Հաթիփօղլուին հայտնել է նաև, երեկոյան հեռարձակվելիք իր հաղորդման ընթացքում թեմայի վերաբերյալ պարզաբանումներ անելու և լարվածության նվազմանը նպաստելու վերաբերյալ իրենց սպասելիքների մասին:

«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու: Թուրքիայի բազմազանությունը միատեղելու և հավասարակշռելու ավանդույթը այսպիսի ցավալի իրավիճակների հաղթահարման տեսանկյունից մեր ամենամեծ երաշխիքն է»,-նշել է Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդը:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, ով խոստացել է ուսումնասիրել թեման:

Աթեշյանի տեղեկացմամբ՝ ինքն ավելի ուշ մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսկամական Ռամազան տոնի ամսին տրվող հյուրասիրություն-խմբ.) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա:

«Իֆթարին ներկա փորձառու իրավաբան հարգելի պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանեց այն տեսակետը, որ կատարվածը սխալ է, և իրավիճակը իրենք ներկայացնելու են պ-ն. Հաթիփօղլուին (թուրք աստվածաբանը, ու հաղորդման ժամանակ բեմականացվել է 13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը)»,- գրում է Աթեշյանը:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը