Տնտեսական

16.05.2019 15:30


Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Ամուլսարի վերաբերյալ «Էլլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները ՀՀ քննչական կոմիտեին կփոխանցվեն մայիսի վերջերին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», - ասաց նա՝ նշելով, որ արդյունքներն ստանալուց հետո միայն կառավարությունը դրան համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ներդրումային ծրագիրն ինչ հանգուցալուծում կստանա՝ փոխվարչապետը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:

«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», - ասաց նա:

Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:

«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն, ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», - ասաց Տիգրան Ավինյանը:

Աղբյուրը՝ Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը