Քաղաքական

16.05.2019 12:50


«Ռ. Քոչարյանն այս գործով չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ». Ա. Օրբելյան

«Ռ. Քոչարյանն այս գործով չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ». Ա. Օրբելյան

«Ես պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործով չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ`այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց պաշտպան Արամ Օրբելյանը.

«Կալանավորումը՝ որպես խափանման միջոց, կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ եթե պրն Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, ուրեմն` նրա նկատմամբ չի կարող կիրառվել խափանման միջոց»,-ասաց պաշտպանը:

Ըստ նրա` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար անհրաժեշտ է լինի դրա մասին որոշում, այդ մասին տեղեկացվի մեղադրյալը, նրան հստակ պարզաբանվի մեղադրանքի էությունը եւ հանձնվի որոշման մասին համապատասխան թերթիկ.

«Իսկ երբ քննիչ Մուշեղյանը կայացրել է որոշում՝ մեղադրանքը փոխելու մասին, եւ հայտնել է այդ մասին կողմերին` կազմելով համապատասխան արձանագրություն, թե Ալումյանը, թե Քոչարյանը բանավոր հայտնել են, որ մեղադրանքը իրենց պարզ չէ, մասնավորապես այն, թե «մերձավոր ազգական» ասելով` մեղադրողները ում են նկատի ունեցել»:

Արամ Օրբելյանն ասում է, որ դրանից հետո Ալումյանը գրել է դիմում, ինչին ի պատասխան՝ քննիչը պատասխանել է` չպարզաբանելով մեղադրանքի էությունը, այլ միասին ասելով, որ պարտավոր էր նրանց իրազեկել, ինչն էլ արել է. «Խնդիրն այն չէ, որ Դուք այժմ պարզաբանեք մեղադրանքի էությունը, այլ այն, որ Քոչարյանը հրաժարվել է ստորագրել մեղադրանքը` ոչ հստակ լինելու պատճառաբանությամբ»:

Պաշտպանը պնդում է` այս պարագայում, երբ իր պաշտպանյալին լիարժեք պարզ չի եղել իրեն մեղասգրվող արարքը, ստացվում է, որ դա նրան լիարժեք պարզաբանված չի եղել, իսկ դա անհրաժեշտ է անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար. «Հակառակ պարագայում այդ գործընթացը համարվում է կամայական եւ անօրինական»,-ասում է պաշտպանը եւ շարունակում. «Քանի որ գործը, ինչպես ասում են, ջուր է, ջուր էլ չէ, օդ է, մեղադրող կողմը փորձ է արել խճճել մեղադրանքը` դրա պարզաբանումից խուսափելու համար»:

Ըստ նրա` սա ընդունված հնարք է. «Եթե ուզեն, կարող են նույնիսկ Հովհաննես Թումանյանից մեջբերումներ անել»,-ասաց նա:

Այդ պահին դատախազը առարկեց` նշելով, որ այդպիսի արտահայտություններ պաշտպանը թույլ չտա:

Այս խորագրի վերջին նյութերը