Լրահոս

16.05.2019 12:40


Հայաստանի մայր բուհը 100 տարեկան է

Հայաստանի մայր բուհը 100 տարեկան է
Այսօր Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Այսօր՝ մայիսի 16-ին, ԵՊՀ հիմնադրման օրը, Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ:

ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված Գյումրիի միջոցառումների ցանկը՝

11:00 - Ուսանողական ֆլեշմոբ (Վարդանանց հրապարակ),
13:00 - ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
14:30 - Հուշատախտակի բացում (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց),
15:00 - Հոբելյանական համերգ (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Գայի 1 փողոց):

Այսօր՝ ժամը 20:00-ին, արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, տեղի կունենա ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին համերգային ծրագրով ելույթ կունենա երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Մայիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կանցկացվի «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին կհաջորդի Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի համերգային երեկոն՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100, ՈւԽ 25-ամյակներին և Ուսանողության օրվան:

Աղբյուրը՝ ysu.am

Այս խորագրի վերջին նյութերը