Հարցազրույց

31.03.2010 19:23


Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան

 Հարցազրույց դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում երկրի թե՛ քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական ներկա իրավիճակը։

-Մարդն ապրում է փոփոխության սպասումով և՛ անձնական, և՛ հասարակական կյանքում: Երբ այդ սպասումը ժամանակ առ ժամանակ, թեկուզ փոքր չափաբաժնով, բայց տեսանելի փոփոխություն է գրանցում դեպի դրական զարգացում (խոսքն այստեղ, բնականաբար, հասարակականի մասին է),  ապա  ձեր ասած բարոյահոգեբանական մթնոլորտն ավելի կառուցողական է, հույս ներշնչող: Իսկ հիմա հարցնեմ՝ այդպիսի փոփոխություն՝ թեկուզ աննշան, թեկուզ միանվագ, եղե՞լ է այս ընթացքում: Եղել է մարտի մեկ, եղել է գրաքննություն, այսօր էլ բանտերում քաղբանտարկյալներ կան, ուրանում են Ցեղասպանությունն ու ազատագրված տարածքներից պիղատոսյան ձեռքլվացումներ անում, տնտեսությունում գրանցվում են անկման ռեկորդային ցուցանիշներ, թանկացումներն լինում են «հայկական» պրոգրեսիայով,  պատերազմի ուրվականը շրջում է տնից տուն... Այսպիսի փոփոխություններ թշնամուս անգամ չեմ ցանկանա:

-Այսինքն,  այս պարագայում արտահերթ ընտրությունների հավանականություն կա՞։

-Եթե դատենք «Ձայն բազմաց, ձայն Աստծո» ասացվածքով, այսինքն՝ յուրաքանչյուրիս շրջապատում, փողոցում, տրանսպորտում, մամուլում տիրող տրամադրությամբ, ապա արտահերթ ընտրությունները պետք է վաղուց կայացած լինեին։ Երբ հայ-թուրքական և հատկապես հայ-ադրբեջանական ֆուտբոլամադրիդյան թնջուկի մասին հոդաբաշխ ու վերջնական բան ասվի... Երբ ապրիլի 1-ից գազը և ամեն ինչը կթանկանան, իսկ ամսվա վերջին քաղաքացին հաշվի իր դրամապանակի «հավելյալ թեթևացումը»... Գուցե կհասկանա, որ չի կարելի այսքան համբերատար ու հանդուրժող լինել:

-Նոր ուժի, նոր գաղափարների պահանջ  ու կարիք տեսնո՞ւմ եք։

-Հիմա այդ մասին շատ է խոսվում։ Իհարկե, սկզբում խոսքն է, որին հետևում է գործը, բայց արհեստականորեն ինչ-որ բան ստեղծել և արդյունքի հասնել դեռևս ոչ մեկին չի հաջողվել։ Առավել ևս, երբ պարզ չէ՝ խոսողներից ով ինչ նպատակ է հետապնդում, որովհետև մեր քաղաքական իրականությունը շատ լավ հուշում է, որ ամեն խոսողի խոսքը չէ, որ պետք է ընդունես ուղիղ իմաստով։ Եթե նույնիսկ այդ ուժի կարիքը կա, ապա մոտակա ժամանակներում անգամ արհեստականորեն ստեղծվելու որևէ նախադրյալ չեմ տեսնում։ Այսօր կան հստակ տարանջատված իշխանություն և ընդդիմություն։ Իսկ եթե իսկապես այդ նոր ուժի անհրաժեշտությունը դառնա բնականոն, ապա արդեն խոսելու բան չի լինի։

-Շուտով կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարին։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

- Վերևում ասված խոսքերս ընդունեք որպես գնահատական:

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը