Տնտեսական

09.12.2010 19:50


Խորհրդարանը քննարկեց և ընդունեց ՀՀ 2011թ. բյուջեն

Խորհրդարանը քննարկեց և ընդունեց ՀՀ 2011թ. բյուջեն

Այսօր խորհրդարանում շարունակվեց 2011թ. պետական բյուջեի վերջնական տարբերակի քննարկումը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց՝ քաջ գիտակցում են, որ բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն ստացել իրենց լուծումները, բայց այն առաջարկությունների փաթեթը, որ այսօր կա օրակարգում և այն միջոցառումները, որոնք ծրագրվում են իրականացնել, հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումները քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ կտան։

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ բյուջեի նախագիծն օբյեկտիվորեն արտահայտում է երկրի ներկայիս տնտեսական վիճակը և առաջիկա  սպասելիքները։

-Դրանով է պայմանավորված այն, որ հարկային եկամուտների կազմում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը մնում է ցածր մակարադակի վրա, նախագիծն իր մեջ չի ներառում կենսաթոշակների և պետական նպաստների չափերի լրացուցիչ բարձրացման տարրեր,-հայտարարեց Հ. Աբրահամյանը,-համոզված եմ, որ իշխանության բոլոր թևերը և դրանցում ներկայացված քաղաքական ուժերն ունեն մեկ նպատակ և ծառայում են մեկ ընդհանրուր գործին՝ երկրի անվտանգության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը։ Այս առումով, որպես ԱԺ նախագահ՝ կարևորում եմ 2011թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ներկայացված նախագիծը և վստահ եմ, որ այն կնպաստի մեր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։

ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել 2011թ. պետական բյուջեի նախագծին և շարունակել օրենսդիր և գործադիր մարմիննների սերտ համագործակցությունը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով էլ՝ ակնհայտ է, որ 2011թ. պետական բյուջեի նախագիծը՝ ի տարբերություն 2010թ. բյուջեի, ունի սոցիալական ուղղվածություն, սակայն դա ամբողջությամբ չի լուծում մեր երկրի առկա բազմաթիվ խնդիրներ.

Հ. Բիշարյանը նշեց նաև, որ 2011թ. բյուջեի նախագծին ՕԵԿ-ը քվեարկելու է կողմ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանն էլ հայտարարեց, որ բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության հիմնական մտահոգությունը մնում է տնտեսական զարգացումը խթանող հատկացումների դեռևս ոչ բավարար ծավալը:

-Մենք հատկապես կարևորում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության խնդիրը: Ցավոք, հանրապետությունում տվյալ սեկտորը դեռևս չի գտնվում կառավարության պատշաճ ուշադրության կենտրոնում, իսկ պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը դեռևս բավարար չէ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: ԲՀԿ-ն համոզված է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն այլընտրանք չունի, ինչը, նախ և առաջ, ենթադրում է կառավարության կողմից այդ ուղղությամբ առավել արդյունավետ և հետևողական աշխատանքների իրականացում,-մասնավորապես նշեց Վ. Բոստանջյանը:

Ամփոփելով՝ նա նաև ավելացրեց, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին՝ համոզված լինելով, որ տնտեսության զարգացման ուղղությամբ կառավարության հետագա քայլերը կլինեն ժամանակին, արդյունավետ և կառուցողական:

Ներկայացնելով Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց.

-Վերահաստատելով 2009 և 2010թթ. բյուջեների վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետները՝ հարկ է ընդհանրացնել, որ ՀՀ կառավարությունը ձախողել է հռչակված հակաճգնաժամային ծրագիրը, կոալիցիոն հուշագրում ամրագրված 22 առաջնահերթություններն ապահովող, իր գործունեության, ՀՀ նախագահի նախընտրական, ինչպես նաև կայուն զարգացման ծրագրերի սոցիալ-տնտեսական նպատակադրումները: Ընդունելով նպատակադրումների ձախողման իրողությունը և միաժամանակ դրանք պատճառաբանելով համաշխարհային ֆինանսատանտեսական ճգնաժամով՝ ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունը, իրականում փորձում են խուսափել պատասխանատվությունից: Մինչդեռ ակնհայտ է, որ ճգնաժամի կործանարար ազդեցությունը փաստեց վարվող սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը և Հայաստանի տնտեսության դիմադրողականությունից զուրկ լինելը: Ինչպես վկայում է ներկա վիճակը՝ կառավարությունը դասեր չի քաղել նաև ճգնաժամից՝ փոխարենը արմատապես վերակառուցելու տնտեսության ճյուղային կառուցվածքը, բարձրացնելու երկրի մրցունակությունը և էապես բարելավելու բնակչության սոցիալական վիճակը, նպաստում է տնտեսության մենաշնորհացման և կոռուպցիայի աստիճանի մեծացմանը, վարում է  հակաժողովրդագրական, հակասոցիալական քաղաքականություն՝ փաստելով սոցիալ-տնտեսական արդի մարտահրավերներին դիմագրավելու իր անձեռնահասությունը:

Ա. Մինասյանը նաև ավելացրեց, որ քաղաքական մեծամասնությունը փոխարենը փաստրակումներ բերելով՝ քաղաքական ամբիոն է տրամադրում կոմսոմոլներին, որոնք փորձում են շեղել հարցը։

ՀՅԴ–ն դեմ է քվեարկել բյուջեին։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բաղշյանն էլ ընդգծեց, որ 2011թ. բյուջեն ոչ այլ ինչ է, քան կոալիցիոն ուժերի նախընտրական արշավին սպասարկող բյուջե։

-Ամբողջ կոռուպցիայի ամբարն այս բյուջեում կա։ Կառավարությանն առաջարկում եմ լրջորեն վերանայել այս ծրագրերը, նրանց ֆինանսավորումը և ամբողջ գնագոյացման քաղաքականությունը։ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու 2011թ. բյուջեի նախագծին։

Ի վերջո, ՀՀ խորհրդարանը 80 կողմ, 14 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծին:

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը