Հարցազրույց

06.05.2019 18:25


2008 թվականի արտակարգ դրությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի գործը Ստրասբուրգի դատարանում

2008 թվականի արտակարգ դրությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի գործը Ստրասբուրգի դատարանում

Հարցազրույց GPartners ընկերության իրավախորհրդատու Սարգիս Գրիգորյանի հետ․

-Վերջերս դուք հոդված էիք հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2019 թվականի ապրիլի 25-ի վճռի վերաբերյալ և նշել էիք, որ ՄԻԵԴ-ը մերժել է Լ. Տեր-Պետրոսյանի բողոքը` արտակարգ դրություն մասով: Անդրադառնանք, թե որ հիմքով է այն մերժվել:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն 2012 թվականի մայիսի 15-ին կայացրած որոշմամբ մերժել էր Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատի այն մասը, որը վերաբերում էր Կոնվենցիայի 15-րդ հոդվածի խախտումներին։ Դիմողը պնդում էր, որ արտակարգ դրություն հայտարարելը չուներ իրավական հիմք, և չկար պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող վտանգ։

ՄԻԵԴ-ն այդ բողոքը մերժել էր ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով։ Այսինքն` Դատարանը եզրահանգել է, որ գործում առկա նյութերը չեն հաստատում, որ տեղի է ունեցել Կոնվենցիայով կամ դրա արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների որևէ խախտում։

Կոնվենցիայի 15-րդ հոդվածը սահմանում է, որ պատերազմի կամ ազգի կյանքին սպանացող արտակարգ դրության ժամանակ պետությունրը կարող է ձեռնարկել միջոցառումներ`

«…ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ»։

-Ի՞նչ կարող ենք եզրակացնել ՄԻԵԴ-ի որոշումից։

-Նախևառաջ․ ՄԻԵԴ-ի այդ դիրքորոշումը հաստատում է, որ 2008 թվականի արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագիրը համապատասխանել է Հայաստանի կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին, մասնավորապես` Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի դրույթներին։

Երկրորդ․ Ըստ էության, ՄԻԵԴ-ի այդ դիրքորոշումը թույլ է տալիս ևս մեկ անգամ պնդել, որ 2008 թվականի նախագահ Քոչարյանի հրամանագիրը իրավաչափ է, և Նախագահը գործել է իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում։ Պետք է նաև նշել, որ 2008 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը, իրականացնելով իր սահմանադրական վերահսկողությունը Հրամանագրի նկատմամբ, արձանագրել է, որ արտակարգ դրություն հայտարարելը իրավաչափ է և անհրաժեշտ, քանի որ առկա է սահմանադրական կարգին սպառնացող վտանգ։

Երրորդ․ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն` յուրաքանչյուր պետություն ունի հայեցողական լիազորություն` գնահատելու արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը և կիրառելու իրավիճակից բխող միջոցառումներ` ժամանակավոր սահմանափակելով որոշ իրավունքներ ու ազատություններ («գնահատման սահմանաչափ», “margin of appreciation”): Նույն նախադեպերով նաև արձանագրվում է, որ յուրաքանչյուր անդամ երկիր ունի պարտավորություն պաշտպանելու հասարակությանը «ազգի կյանքին սպառնացող վտանգից», ուստի` իրավունք ունի որոշելու անմիջական վտանգ առկայությունը:

Պետք է արձանագրել, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդանական Վեհաժողովի թե′ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևը` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» և թե 2008 թվականի հունսիսի 25-ի թիվ 1620 բանաձևը «Հայաստանի կողմից 1609 բանաձևի կիրարկումը» չեն քննադատում Նախագահի հրամագրի անհրաժեշտությունը և իրավաչափությունը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը