Հարցազրույց

03.05.2019 09:30


«Ինչ ուզում եք` արեք, մենակ թե մնամ վարչապետի պաշտոնում». Մինասյան

«Ինչ ուզում եք` արեք, մենակ թե մնամ վարչապետի պաշտոնում». Մինասյան

Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն է

-Ապրիլյան իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը տարաբնույթ, երբեմն`իրարամերժ հայտարարություններ է արել Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց ոչ մեկը չգիտի` ո՞րն է, ի վերջո, հարցի լուծման իր «տեսլականը»։ Վերջին նորությունն այն է, որ վարչապետը չգիտի` ի՞նչ օրակարգով գնալ բանակցություններին։ Սա լա՞վ նորություն է, Ձեր կարծիքով։

-Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես արտառոց երեւույթ է քաղաքականության մեջ։ Սովորաբար, քաղաքական լիդերները, հատկապես պետության ղեկավարները, իրե՛նք են առաջարկում ժողովրդի համար առանցքային այս կամ այն հարցը լուծելու հայեցակարգը (իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար կենսական խնդիր է)։ Եվ ասում են` իմ կոնցեպտը սա է. եթե հավանություն եք տալիս, ես վերցնում եմ պատասխանատվություն` այդ կոնցեպտի շրջանակում խնդիրը լուծելու։ Եթե կան ուրիշ լիդերներ, իրե՛նք էլ իրենց կոնցեպտն են առաջարկում։ Բայց չի՛ լինում այնպես, որ երկրի առաջին դեմքը ասի` կա խնդիր, որոշեք` ինչպես լուծենք այդ խնդիրը, կոնցեպտը տվեք` ինչպիսի կոնցեպտ էլ տաք, կգնամ էդ կոնցեպտով էդ խնդիրը կլուծեմ` ամենապարտվողականից մինչեւ ամենահաղթողական։ Դա նշանակում է` ի՛նչ ուզում եք արեք, միայն թե ես մնամ վարչապետի պաշտոնում։

Սա ուղղակի աբսուրդ է։ Պետության ղեկավա՛րը պետք է առաջարկի կարգավորման իր տարբերակը եւ ստանձնի պատասխանատվություն, եթե ժողովուրդը տալիս է այդ հայեցակարգն իրականացնելու քարտ-բլանշ։ Իսկ եթե ժողովուրդը պետք է տա այդ լուծումը, հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նքը ինչի համար է, իր անելի՞քն ինչ է։ Եվ, ի դեպ, ասեմ` երբ ժողովուրդը երկրի ղեկավարին քարտ բլանշ չի տալիս, սովորաբար երկրի ղեկավարը հրաժարական է տալիս։

-Ասել է թե` սա պատասխանատվությունն իր վրայից գցելու պարզունակ փորձ է «ժողովրդի վարչապետի» կողմից։

-Միանշանա՛կ։ Բայց այստեղ շատ կարեւոր եւս մի հանգամանք կա։ Ենթադրենք, ժողովուրդը հանրաքվե է անում, առաջարկում է խնդրի հայանպաստ կարգավորման որեւէ տարբերակ, երկու շաբաթ հետո Ալիեւը Ադրբեջանում համանման մի հանրաքվե է անցկացնում եւ ներկայացնում դրան տրամագծորեն հակասող առաջարկ` իր ժողովրդի անունից։ Սա նշանակում է`բանակցային գործընթացը միտումնավոր փակուղի մտցնել։ Այսինքն` հայտարարությունը, որով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կարող է ընդամենը մի նպատակ հետապնդել` բանակցությունները տանել փակուղի։ Այդ առաջարկությունը բացարձակապես իրականությունից կտրված է եւ չի մոտեցնում, ավելին` հեռացնում է խնդրի կարգավորումը։

-Կա տեսակետ, եւ դա ոչ թե տեսակետ է, այլ իրականություն, որ ժողովուրդը`թե՛ Հայաստանում, թե՛ առավել եւս՝ Արցախում, վաղուց արդեն ասել է`ինչպես է տեսնում հարցի լուծումը։ Այն է`Արցախը երբեք չի եղել եւ չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում։

-Իհա՛րկե, դրանում երկու կարծիք չի կարող լինել։ Եվ, տեսեք` մի կողմից ասում է` հանրաքվե արեք, որոշեք`Ղարաբաղի հարցը ոնց եմ լուծելու, մյուս կողմից, ասում է` Ղարաբաղի հարցի տերը ես չեմ, Ղարաբաղի ժողովուրդը ինձ մանդատ չի տվել` բանակցելու իր անունից։ Այստեղ եւս հակասություն կա։ Եթե չի կարող Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, դարձյալ հարց է առաջանում. Հայաստանի ժողովրդի, հայաստանցիների անունից գնում է`ի՞նչ անի, եթե ղարաբաղցիները չեն մասնակցելու այդ հանրաքվեին։ Սա պարզ մանիպուլյացիա է։

-Փաշինյանի իշխանության գալուց հետո ադրբեջանական կողմը եւ անձամբ Ալիեւը աննախադեպ «խաղաղասեր» են դարձել` ամեն Աստծո օր չեն բարբաջում Ղարաբաղը ուժով վերցնելու մասին, սահմանում եւ շփման գծում հարաբերական անդորր է։ Սա ինչո՞վ բացատրել։

-Կարծում եմ, դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում Ադրբեջանը պետք է Եվրամիության հետ համապատասխան համաձայնագիր ստորագրի։ Դա իսկապես շատ կարեւոր է` այդ փաստաթղթում Ադրբեջանի համար ավելի շահեկան, մեղմ ձեւակերպումներ ստանալու առումով։ Գիտեք, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք Հայաստանը ԵՄ հետ բավական հաջող համաձայնագիր ստորագրեց, որտեղ արձանագրված է Արցախի հարցի կարգավորման տեխնոլոգիան եւ մեթոդաբանությունը` հստակ ամրագրված է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած հիմնարար սկզբունքների եւ տարրերի շրջանակում։ Ադրբեջանցիներն ուզում են իրենցից գցել անընդհատ չհամաձայնողի, ռեւանշիզմի, ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես եկողի «իմիջը» եւ ստանալ իրենց համար նպաստավոր փաստաթուղթ։

-Այս թվացյալ խաղաղությունը չի՞ օգնում Ադրբեջանին` կշեռքի նժարն իր կողմը թեքելու։

-Կա՛ն բազմաթիվ վկայություններ, որ այդ թվացյալ խաղաղությունից օգտվելով` ադրբեջանցիներն էապես բարելավել են իրենց դիրքերը շփման գծում եւ սահմանում, ինժեներական լուրջ աշխատանքներ են իրականացրել, ամրապնդել պաշտպանական գիծը։ Իրենք ադրբեջանցիներն այդ մարտավարությունը պաշտպանողական չեն համարում` հարձակողական են համարում, եւ Աստված մի արասցե`եթե ռազմական նոր էսկալացիա լինի, մենք հայտնվելու ենք շատ ավելի ծանր վիճակում։ Եթե թույլ ենք տալիս սահմանային գոտում հարձակողական բնույթի ինժեներական կառույցներ անել, մարտական գործողությունների վերսկսվելու դեպքում մեր զինվորների կյանքով ենք հատուցելու դրա համար։

-Դիվանագիտական ճակատում ստեղծված իրավիճա՞կն ինչպես եք գնահատում... Եթե մինչեւ հիմա հայկական կողմն ուներ բոլոր հիմքերը` ասելու, որ Արցախը չի կարող «վերադառնալ» Ադրբեջանի վերահսկողության տակ, հիմա մեզ կարող են ասել` ի՞նչ է եղել որ. լավ էլ հանգիստ գոյատեւում եք իրար հետ, քիրվայություն եք անում, ի՞նդն է խանգարում Ղարաբաղին` ապրելու եւ զարգանալու Ադրբեջանի կազմում։

-Այստեղ ավելի խորքային խնդիր եմ տեսնում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո մենք կորցրեցինք շատ կարեւոր մի բան` Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք թույլ կտային Մինսկի խմբի համանախագահներին հստակ ֆիքսել հրադադարի խախտումները շփման գծում, բացահայտել մեղավորներին եւ հասցեական գնահատականներ տալ։ Այդ ամենը ջրվեց` գրավոր համաձայնությունները փոխարինվեցին «վերելակային» պայմանավորվածությամբ, որ ցանկացած պահի կարող է խախտվել։ Եթե ադրբեջանցիները, դիցուք, պաշտպանական ամբողջ գծի երկայնքով ամրապնդեն իրենց մարտական դիրքերը եւ ռազմական գործողություններ սկսեն Արցախի դեմ, չի լինելու միջազգային որեւէ կառույց, որ տեր կանգնի վերելակում «ձեռք բերված» պայմանավորվածությանը։ Կա՛մ պետք է վերելակավարին կանչենք եւ ասենք` պայմանավորվածությունը խախտվել է, ի՞նչ անենք...

-Արցախը բանակցային սեղանի մոտ վերադարձնելու խոստումը նույնպես մնում է օդում կախված։ Ալիևը վերջնականապես ջրեց Նիկոլ Փաշինյանի հույսերը`հարցը փակված համարեց։

-Արցախը բանակցային գործընթացի լիարժեք կողմ դարձնելու խնդիրը միշտ եղել է ոչ միայն հայկական կողմերի զինանոցում` համանախագահող երկրները եւս հայտարարել են, որ բանակցությունների վերջին փուլում Արցախը պետք է նստի բանակցային սեղանի մոտ։ Դա նորություն չէ։

-Նորությունն այն է, որ հիմա այդ մասին որեւէ մեկը չի հիշում, անգամ ինքը Նիկոլ Փաշինյանը։

-Այո, եւ սա շատ մեծ կորուստ է մեզ համար։ Վերջին մեկ տարում մենք համանախագահներից գոնե մեկ անգամ չենք լսել, որ իքս պահին Ղարաբաղը պետք է միանա բանակցություններին`առանց ԼՂ անմիջական անմիջական մասնակցության հակամարտությունը չի կարող լուծվել։ Եվ սա նույնպես խնդիր է...

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը