Աշխարհ

02.05.2019 13:40


«Ինչ-որ օտարերկրյա գործակալ օգտագործել է իմ կայքի կեղծ կրկնօրինակը՝ ստահոդ պատմություն տարածելու համար»․ Ա. Շիֆ

«Ինչ-որ օտարերկրյա գործակալ օգտագործել է իմ կայքի կեղծ կրկնօրինակը՝ ստահոդ պատմություն տարածելու համար»․ Ա. Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է գնահատում իրեն վերագրվող կեղծ մամուլի հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, Շիֆի հետ հանդիպման ընթացքում Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սաուդը հայտարարել է, որ Էր-Ռիյադը մտադիր է ֆինանսապես աջակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Ինձ վաղուց է մտահոգում այն, որ օտարերկրյա գործակալները կարող են փորձել ազդել եմ քաղաքական գործընթացների վրա ոչ միայն հաքերային ճանապարհով ստացված նյութեր հրապարակելու, այլ նաև կեղծ տեղեկատվություն տարածելու ճանապարհով՝ դիմակավորվելով որպես իրական աղբյուր», - գրել է Ադամ Շիֆը: - «Դա դեռևս չի հաստատվել, սակայն տպավորություն կա, որ ինչ-որ օտարերկրյա գործակալ օգտագործել է իմ նախընտրական կայքի կեղծ կրկնօրինակը՝ կեղծ հանդիպման մասին ստահոդ պատմություն տարածելու համար: Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս միջադեպի մանրամասները և համապատասխան հարցումներ ենք ուղարկել պատկան մարմիններին», - նաև նշել է Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականը:

Ապրիլի 26-ին Ադամ Շիֆի իրական adamschiff.com կայքի նմանությամբ գրանցված կեղծ adamcshiff.com հասցեով և առաջին հայացքից օրիգինալից չտարբերվող բովանդակությամբ կայքում կեղծ մամուլի հաղորդագրություն էր հրապարակվել, որը թյուրիմացության մեջ էր գցել հայաստանյան, արաբական և ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատության» հայկական ծառայությանը:

Այն բանից հետո, երբ պարզվել էր, որ տեղեկատվությունը կեղծ է, «Ազատությունը» հեռացրել էր այն իր կայքից և հանդես եկել համապատասխան հերքմամբ, ինչպես նաև ներողություն խնդրել ընթերցողներից:

Ավելի վաղ Շիֆի խոսնակ Էմիլի Սայմոնսը նույն միջադեպի կապակցությամբ հայտարարել էր․ - «Այդ վեբկայքը կեղծ է, իսկ դրանում նկարագրված հանդիպումը ամբողջությամբ սուտ է: Նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել, և կոնգրեսական Շիֆը երբեք նման հարցեր չի քննարկել սաուդյան իշխանությունների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը