Աշխարհ

01.05.2019 21:07


Լոնդոնի դատարանը Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել

Լոնդոնի դատարանը Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել

Լոնդոնի դատարանը դատապարտել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք սեփական կամքով չհանձնվեցիք ոստիկանությանը, Էկվադորի դեսպանությունը ստիպված եղավ ոստիկանությանը թույլատրել մուտք գործել շենք: Դուք ունեիք ընտրություն, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր հիմքերը»,- ասել է դատավոր Դեբորա Թեյլորը:

Դատավճիռը լուրջ դժգոհության պատճառ է դարձել WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի կողմնակիցների շրջանում, ովքեր «ամոթալի» են որակել այն: Նրանք պաստառներ են պահել «Ազատություն Ասանժին», «Ոչ Ասանժի արտահանձնմանը», «Ասանժի ազատությունը մեր ազատությունն է» գրություններով:

Ասանժը 2012 թ. ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ԱՄՆ արտահանձնումից, որտեղ նրան կարող են մահապատժի դատապարտել:

Լոնդոնյան դատարանի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները մինչև հունիսի 12-ը պետք է Բրիտանիային ներկայացնի Ասաժնի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս հարցով լսումները կշարունակվեն մայիսի 2-ին:

Ջուլիան Ասանժը հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ հրապարակումներ արեց ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանում և Իրաքում իրականացվող գործողությունների, ինչպես նաև Գուանտանամոյի բանտում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ: 2010 թվականին նա հեռացավ Շվեդիա՝ ցանկանալով ստանալ ապաստան: Այստեղ, սակայն, նրան մեղադրեցին սեռական հանցագործության մեջ, ինչը WikiLeaks-ի հիմնադիրը հերքում էր: Շուտով շվեդական դատարանը Ասանժի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց, ինչից հետո նրան ձերբակալեցին Լոնդոնում, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին: 2012 թվականից նա թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, սակայն մի քանի շաբաթ առաջ Էկվադորը հրաժարվեց նրան դիվանագիտական ապաստան տրամադրել «անհարգալից ու ագրեսիվ պահվածքի» ու միջազգային համաձայնագրերի խախտման պատճառով:

Ապրիլի 11-ին Ասանժին ձերբակալեց բրիտանական ոստիկանությունը:

Այս խորագրի վերջին նյութերը