Լրահոս

29.04.2019 19:36


Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Երգի պետական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Factor.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրը։

«Այսօր եմ նշանակվել։ Ժամանակավոր պաշտոնակատար եմ լինելու։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այս պահին երկրում չէ։ Երբ կվերադառնա, տնօրենի մրցույթ կհայտարարենք»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը, Արմեն Սարգսյանի խոսքով, մեկ ամսից ավարտվում էր։ «Ժամկետի ավարտվելուց բացի, պարոն Ասատրյանն առողջական խնդիր ունի և բուժման նպատակով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը։

Երգի պետական թատրոնի նորանշանակ տնօրենը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ երաժշտական կրթություն չունի, այնուամենայնիվ, արդեն տասը տարի է՝ արվեստի ոլորտում է ու պատրաստ է կատարել տնօրենի պարտականությունները։ «Աշխատելու եմ։ Բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ներառյալ՝ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի։ Եթե ինձ այս պաշտոնում չտեսնեի, չէի համաձայնի»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը