Լրահոս

29.03.2010 14:52


ԼՂՀ Նախագահ. «Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկման ենթակա չեն»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց հետ:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաև փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ԼՂՀ Նախագահը հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նույնպես նշել են, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Նախագահը նշել է, որ այն որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, և դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա՝ մտցնելով փակուղի:

Քննարկվել են նաև ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը