Աշխարհ

25.04.2019 20:15


Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները առաջիկայում 2 անգամ առանձին հանդիպում են ունենալու։ Ըստ թուրքական աղբյուրների՝ նշյալ հանդիպումներից մեկը կայանալու է Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում։ Մյուս հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախագահների ժողովի ընթացքում։

Ինչպես հաղորդվում է, հանդիպման օրակարգային թեմաներն են լինելու Թուրքիային մատակարարվելիք ռուսական «S-400» զենիթահռթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի հարցը, որոնց Անկարան համարում ահաբեկչական։

Քննարկվելու է նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը։ Նշվում է, որ այս հարցով նախորդ տարվա փետրվարին ստեղծվել էր թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ։

Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ խոսվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշման մասին։ Կողմերը կանդրադառնան նաև Գոլանի բարձունքների խնդրին, որոնք ԱՄՆ-ն ճանաչել է որպես Իսրայելի տարածք։

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները խնդրահարույց տարածք է Սիրիայի և Իսրայելի միջև։ Դրանց մեծ մասը 1967թ. արաբաիսրայելական պատերազմից հետո վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքային միավորը:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը