Հարցազրույց

29.03.2010 18:40


Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում սիրիական պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը՝ «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքը»։

-Ես չեմ ցանկանում Հայաստանի նախագահի ելույթը գնահատել, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Այն հետևյալն է՝ ամեն ինչ անում ենք վերաբնակեցումն իրականացնելու համար։ Ես չեմ ասում, թե այսօր վերաբնակեցումը բաձր մակարդակով ստացվում է, մեր ֆինանսական միջոցների և այլնի առումով, բայց այն, որ Ղարաբաղն ամեն ինչ անում է, որպեսզի վերաբնակեցումն ավելի արագ լինի, դա աքսիոմա է։ Երկրորդը՝ ղարաբաղյան հարցը, բոլորն են ասում, այդ թվում նաև  Հայաստանի իշխանությունները, հնարավոր չէ կարգավորել առանց Ղարաբաղի մասնակցության։ Հետևաբար, երբ ԼՂՀ-ն ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ կմասնակցի բանակցություններին, այն ժամանակ Ղարաբաղի ժողովուրդը կորոշի։ Իսկ Ղարաբաղի ժողովուրդն այսօր պինդ ու անկոտրում կանգնած է, որովհետև շատ լավ հասկանում է, որ այդ հողերի պահպանումը խաղաղություն է։ Այդ հողերը ոչ միայն պատմական են, այլև շատ երկարատև խաղաղություն են Ղարաբաղի համար։ Դրանք նաև, բացի խաղաղության երաշխիք լինելուց, Ղարաբաղի տնտեսության զարգացման համար շատ լուրջ հողեր են, և իզուր չի Ղարաբաղի նախագահը նշել, որ չկա վերաբնակեցվող շրջան, այլ կա Սահմանադրությամբ հաստատված տարածք, որտեղ բոլոր շրջանները հավասար են։

-Մեզ հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն ասել է, թե Սերժ Սարգսյանը նման հայտարարություններով հանդես գալու ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չունի։ Բաժանո՞ւմ եք նման տեսակետը։

-Ես քաղաքական գործիչ եմ և ասում եմ իմ ասածը, մնացածը կարող են վերլուծել։ Ամեն մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու։ Ղարաբաղի հարցում մեկն է լուծումը՝ դա Ղարաբաղի ժողովուրդն է Ղարաբաղի իշխանության հետ։

-Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և բանակցություններում ձեռնարկած քայլերն արդյոք համաձայնեցվա՞ծ են ԼՂՀ իշխանությունների հետ։

-Ես իշխանություն չեմ, չեմ կարող ասել, բայց ԼՂՀ իշխանություններն ունեն հստակ դիրքորոշում։ Այսօր ԼՂՀ իշխանությունների դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չեմ տեսնում՝ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, ղարաբաղյան հարցը լուծվելու է Ղարաբաղի ժողովրդի կողմից, մենք հստակ իրականացնում ենք երկրի վերաբնակեցում։

-Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին Արցախի իշխանությունները ծանո՞թ են, թե՞ ոչ։

-Իշխանությունները երևի ծանոթ են, ես իշխանություն չեմ, ժողովուրդն էլ ծանոթ է այնքանով, որքանով լրատվամիջոցներում դրանք ներկայացված են։ Սակայն Մադրիդյան սկզբունքները, նորացված սկզբունքները ևս, այսօրվա վիճակով, կոնկրետ իմ կուսակցության՝ Դաշնակցության կողմից ընդունելի չեն։

-Իսկ ընդհանուր առմամբ Արցախում մթնոլորտն այդ սկզբունքների վերաբերյալ ինչպիսի՞ն է։

-Ընդհանուր առմամբ Արցախում մթնոլորտի տարբերություն չեմ տեսնում, այսինքն ժողովուրդը շատ հստակ գիտակցում է և՛ այդ հողերի արժեքը, և՛ Ղարաբաղի սկզբունքային դիրքորոշումը։ Կան տարբեր կարծիքներ, սակայն եթե ընդհանրացնենք, ապա բոլորը դեմ են այդ սկզբունքներին։ Քաղաքական կուսակցությունների և մարդկանց հետ իմ շփումները հանգեցնում են այդ եզրակացության։

-Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները գնալով ավելի ագրեսիվ են դառնում։ Ինչպիսի՞ն է Արցախի իշխանությունների և բնակչության տրամադրվածությունն այս հարցում։

-Տրամադրվածությունն իմ կարծիքով հետևյալն է. երբ որևէ մեկն ուժ ունի, հայտարարություններով հադես չի գալիս։ Ղարաբաղն ուժեղ է, և մենք վստահ ենք՝ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա նոր շրջաններ է կորցնելու։ Դա իմ կարծիքը չէ, այլ բոլորի։ Նույնը եղել է նաև պատերազմի ժամանակ, և դա տեսել է Ադրբեջանը։ Դրա համար այսօր Ադրբեջանի փրկությունը հայտարարությունների մեջ է։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը