Աշխարհ

24.04.2019 15:00


«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է

«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է

Թուրքիայի ազգայնական ուղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սեյդիօղլուն նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ:

Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք»:

Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է. «Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբվանի՞ց է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է՝ արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ կտրուկ հեռացումները մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»:

Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակներից:

Աղբյուրը`«Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը