Աշխարհ

24.04.2019 14:05


Էրդողան. «Մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»

Էրդողան. «Մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության վերաբերյալ գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

Էրդողանը նշել է, որ նրանք, «ովքեր Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս, արյունոտ անցյալ ունեն»: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները նրանք են, ովքեր այսօր մարդու իրավունքների և ազատությունների առաքյալի դիմակ են հագել:

Այս համատեքստում նա, մասնավորապես, ասել է.

«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը: Ֆրանսիայի նախագահին ասել եմ. «Այս հարցերում դեռ նորեկ ես, գիտեմ Ալժիրում, Ռուանդայում ձեր իրականացրած կոտորածների մասին»: Հայտնի է, թե 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազ մարդու ովքեր են սպանել, և դրա մեղավորները ֆրանսիացիներն են: Եկել, մեզ են դասեր տալիս»:

Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվների բացման թեմային, ասել է։

«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են: Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չի կարողացել հաստատել»:

Աղբյուրը` «Ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը