Աշխարհ

22.04.2019 17:52


Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր առաջնորդի վրա (տեսանյութ)

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր առաջնորդի վրա (տեսանյութ)

Ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։

Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են վիրավորական խոսքեր հնչեցնել Քըլըչդաչօղլուի հասցեին։ Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, անհայտ անձը բռունցքով հարվածել է Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։ Ավելի ուշ անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր են հնչել վառել այդ տունը:

Դեպքի վայրում է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով փորձել է բազմությանը հանգստացնել, և հանդես է եկել հանդարտվելու կոչերով։ Նա անգամ մուտք է գործել այն տուն, որտեղ պատսպարվել է ընդդիմադիր գործիչը։

Ավելի ուշ ժանդարմերիայի օգնությամբ Քըլըչդարօղլուին հեռացրել են վտանգի վայրից։ Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ դեպքից հետո Քըլըչդարօղլուի առողջական վիճակը լավ է։

Տեղի ունեցած հարձակումը խստորեն դատապարտել են Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ ընդդիմադիր և իշխանական շրջանակներից, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը, Թուրքիայի արդարադատության նախարարը, ներքին գործերի նախարարը և ուրիշներ։ Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննությամբ պարզվել է հարձակմանը մասնակցած 6 անձանց ինքնությունը։ Նշվում է, որ այդ անձինք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը