Աշխարհ

19.04.2019 17:16


Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Սիրիայի հարցի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցի մասին։

Քալընը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է շարունակվի, և Սիրիայի հյուսիսում դե ֆակտո պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ Թուրքիայի վերահսկողության տակ։ Քալընի պնդմամբ` անվտանգության գոտին դե յուրե արդեն ստեղծվել է, որն իր մեջ ներառում է նաև Մանբիչ քաղաքը։

Մամուլի խոսնակը կարևորել է Ռուսաստանի հետ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցի մասին բանակցությունները։ Նա կարևորել է Սիրիայում նոր սահմանադրության ստեղծումը։

Քալընի խոսքերով՝ Թուրքիայի առաջնահերություններից է, որ ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի վերաբերյալ համաձայնոթյունները իրականացվեն, և դա կրի շարունակական բնույթ։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի՝ Սիրիա, այնուհետև Թուրքիա կատարած այցերից հետո առաջացած խոսակցություններին, թուրք պաշտոնյան հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիայի և Սիրիայի կառավարական ռեժիմի միջև կա ուղիղ կապ։

«Սիրիայի կառավարական ռեժիմի հետ որևէ երկխոսության մասին խոսք չկա։ Եթե մենք ցանկանում ենք որևէ հաղորդագրություն հղել կառավարական ռեժիմին, մենք դա անում ենք Ռուսաստանի և Իրանի միջոցով»,-եզրափակել է Քալընը։

Անդրադառնալով Թրամփի հնարավոր այցին, Քալընը ասել է, որ Թուրքիան նման ակնկալիք ունի, և ԱՄՆ-ում էլ չեն բացառում, որ նման այց այս տարվա ընթացքում կարող է տեղի ունենալ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են։ Դա պայմանավորված է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի առքով։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը