Աշխարհ

17.04.2019 19:08


Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է ԱՄՆ-ին. «Ահաբեկչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»

Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է ԱՄՆ-ին. «Ահաբեկչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պաթրիք Շենեհենի հետ։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում՝ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Նաև քննարկվել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարագերի և ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցը: Աքարն ամերիկյան կողմին հայտնել է այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին։

Կողմերը խոսել են նաև Սիրիայի վերջին զարգացումների և առհասարակ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։

Հանդիպման ժամանակ Աքարը, անդրադառնալով Սիրիայի հյուսիսային հատվածի մի մասը վերահսկող քրդական ուժերի հարցին, ԱՄՆ-ից պահանջել է, որ նրանք այդ տարածքներից հեռանան։ Աքարի պնդմամբ՝ քրդական ուժերը վերջին ժամանակներս հաճախակի են թիրախի տակ առնում Թուրքիայի սահմանամերձ շրջանները։

«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ։ Ավելին Վաշինգտոնը քրդական ուժերի հետ երբեմն համագործակցում է Սիրիայում գործող ծայրահեղական ուժերի դեմ պայքարում:

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են՝ պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մտադրության հետ։ Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, թե այդ գործարքն ինչպիսի բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի համար։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը