Հարցազրույց

17.04.2019 13:50


Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն ապրիլի 16-ին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին: Ժամկետի ողջամտության և Սիլվա Համբարձումյանի հայտարարությունների մասին Top-News.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի հետ:

-Դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստի ընթացքում գործի քննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 26-ը, պատասխանող կողմին ծանուցելու նպատակով: Սա ողջամիտ ժամկե՞տ է:

-Դատական նիստերին կողմերի ներկայության ապահովումը արդար դատաքննության երաշխիքներից է: Բայց ծանուցման համար 5 ամիսը դիտարկել որպես ողջամիտ ժամկետ, մեղմ ասած խիստ վիճահարույց է, հատկապես երբ խոսքը վերաբերում է զրպարտության գործին: Սա նշանակում է, որ ևս հինգ ամիս հայտարարությունները, որոնք արվել են, և որոնք հնարավոր է չունեն որևէ հիմնավորում, շրջանառվելու են, մինչև հնարավոր դատական որոշման կայացումը: Չեմ կարծում, թե հինգ ամիս է պահանջվում պատշաճ ծանուցման համար:

- Լրատվամիջոցներում եղան Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները, որտեղ նա հերքում էր իր ասածները: Այդ հերքումները բավարա՞ր չեն:

-Գիտեք, Սիլվա Համբարձումյանն այնքան հակասական և իրարամերժ հայտարարություններ է արել, որ կարծում եմ` ոչ միայն մենք չենք հասկանում` որտեղ է ճշմարտությունը, որտեղ սուտը, այլ ինքն է խճճվել իր ասածներում: Բայց Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմի իրավունքն է որոշել բավարարվել հերքման հայտարարություններով, թե պահանջել հերքում՝ դատական կարգով: Սակայն իմ կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի զրպարտության վերաբերյալ գործերով տրվեն իրավական ճիշտ գնահատականներ, որպեսզի դա չարմատավորվի հասարակության մեջ: Ի վերջո և զրպարտության, և կաշառքի գործերի ճակատագիրն ակնհայտ է, քանի որ գործի վերաբերյալ եղած հնարավոր տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ հայտարարությունների հետևում չկան բավարար հիմնավորումներ և ապացույցներ: Զրպարտություններին և սուտ մեղադրանքներին պետք է տրվեն կոշտ, պատշաճ իրավական գնահատականներ։ Եթե կուզեք, սա Ռ. Քոչարյանի պրոբլեմը չէ։ Սա հասարակության և պետության խնդիրն է, որովհետև վաղը մի այլ «Սիլվա» մի այլ մարդու մասին կարող է սուտ ու կեղծիք տիրաժավորել, ու մենք կունենանք 37թ-ին մոտ մի մթնոլորտ, որի մասին միայն ֆիլմերից ու գրքերից են տեղյակ։ Դատական կարգով պատասխանատվությունը հենց դրա համար է կարևոր նաև. կանխարգելել այլոց գայթակղությունը զրպարտության և կեղծ ցուցմունքների քայլերից։

Այս խորագրի վերջին նյութերը