Հարցազրույց

26.03.2010 22:11


Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

 Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ.

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում է Արցախի  հարցին։

-Ցանկացած հայտարարության, մանավանդ հանրապետության ղեկավարի կամ արտաքին գերատեսչության ղեկավարի, պետք է մոտենալ սառնասրտորեն, ոչ թե էմոցիաներով։ Եթե բառ առ բառ վերլուծենք այդ տեքստը, ապա այնտեղ որևէ հստակություն չկա։ Նա ասել է, թե կարող է քննարկվել այդ տարածքների վերադարձը։ Սա համեմատական կատեգորիա է. լուսինն էլ կարող է իր ուղեծիրը փոխել, ինչն ամենևին չի նշանակում, թե այն կփոխվի։ Սա մեկ։ Մենք միշտ էլ ասել ենք՝ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել, այդ թվում՝ տարածքների, ինչն ամենևին չի նշանակում այդ տարածքների կամ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում։ Տարածքների խնդիր կա և՛ իրենց մոտ, և՛ մեզ մոտ։ Իհա՛րկե այդ հարցը պետք է քննարկվի, որն ամենևին չի նշանակում, թե վերադարձ կլինի 1988թ.։

-Իսկ միջանցքի մասի՞ն...

-Միջանցքը կարող է լինել 5 կմ լայնությամբ, կարող է լինել 500 կմ։ Այստեղ էլ որևէ հստակություն չկա։ Նախագահն ասել է, թե Հայաստանն  այդ տարածքներում բնակեցում չի կատարում։ Իհա՛րկե չկա այդպիսի քաղաքականություն։ Դա վարում է Արցախի Հանրապետությունը և կշարունակի այդ քաղաքականությունը։ Հայաստանն ի՞նչ կապ ունի այդ տարածքների հետ։ Ամեն ինչ խորությամբ պետք է դիտարկել, ոչ թե զգացմունքներով։ Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզանից սառնասիրտ մոտեցում է պահանջում։ Որևէ մեկը երբեք չի կարող կասկածի տակ դնել Արցախի ապագան։ Իսկ Արցախի ապագան՝ 1988թ. սահմաններով, դատապարտված է կործանման։ Բոլորը սա պատկերացնում են։

-ՀՀ նախագահի հայտարարությունները համաձայնեցվա՞ծ են Արցախի Հանրապետության ղեկավարության հետ, քանզի բանակցություններում Արցախը ներկայացնում է Հայաստանը։

-Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, սուվերեն պետության,  մենք ուրիշ պետություն ենք, իհա՛րկե համաձայնեցված չէ։ Նա ներկայացրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումները։ Նույն Հայաստանի Հանրապետությունը միշտ ասում է, որ Արցախի Հանրապետությունը նորից պետք է սկսի մասնակցել բանակցային գործընթացին։ Քանի դեռ մենք ուղղակի մասնակից չենք, ապա բոլոր հայտարարություններին կարելի  է հանգիստ վերաբերվել։ Եթե մենք դառնանք հակամարտության կարգավորման բանակցային կողմ, վերականգնենք մեր կարգավիճակը, այն ժամանակ հանդես կգանք հայտարարություններով։

-Մոտ ապագայում տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, որ Արցախը կվերադառնա բանակցային գործընթացներին։

-Չեմ տեսնում, որովհետև դրա համար մի շարք նախադրյալներ են պետք։ Առաջին՝ Ադրբեջանը դեռ ամեն ձևով խոչընդոտում է այդ  գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը։ Երբ վերականգնվի լիարժեք ձևաչափը, կփոխվի նաև գործընթացի էությունը։ Երկրորդ՝ մենք պետք է սկսենք այդ գործընթացին մասնակցել զրոյից, ոչ թե Ադրբեջանի կողմից առաջ մղվող ինչ-որ գաղափարների քննարկմանը մասնակցենք։ Եթե Ադրբեջանը շարունակի պնդել, թե հարցը պետք է կարգավորվի իր կողմից, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման ներքո, նրանց հետ բանակցություններ վարելու որևէ իմաստ չկա։ Իրենք պետք է առաջին հերթին պատրաստ լինեն տրամաբանական, կառուցողական փոխզիջումների։ Եթե դա չկա, Արցախի ներգրավվածության իմաստ էլ չկա։

-Արցախի հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Աշխարհում բավական հետաքրքիր գործընթացներ կան։ Ինձ թվում է՝ այս պահի դրությամբ միջազգային հանրությանն ավելի ձեռնտու է իրավիճակը թողնել այնպես, ինչպես կա։ Մենք տեսնում ենք, որ անկախություն են ստացել Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան։ Բայց սա մի քիչ ուրիշ գործընթաց է, որովհետև դրանք գտնվում են աշխարհաքաղաքական մեկ բևեռի ազդեցության ներքո։ Մեզ մոտ խնդիրն ուրիշ է. այստեղ կա հավասարակշռություն։ Բայց միջազգային հանրությունը նաև կտրուկ քայլերի չի կարող գնալ նույն այդ հավասարակշռվածության խախտումը բացառելու համար և նաև այլ գործընթացների ներքո։ Օրինակ՝ այս պահի դրությամբ ակտիվորեն գնում է Հարավային Սուդանի անկախության գործընթացը։ Բնական է, որ այնտեղ 2011-ին պետք է հանրաքվե լինի։ Չի բացառվում, որ այդ պետությունը նույնպես հռչակի իր անկախությունը, դեռ միջազգային հանրությունը մի կողմ, որոշ ժամանակ չճանաչի, պահպանի ստատուս քվոն։ Որովհետև նրա համար էլ է դժվար ինչ-որ չափանիշներ մշակել։ Այդ իսկ պատճառով ամենահավանականն այն է, որ կմնա այնպես, ինչպես կա, որն, ի դեպ, մեզ համար այնքան էլ վատ չէ։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը