Աշխարհ

16.04.2019 16:20


Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կտրամադրի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ Այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»՝ BFMTV-ին հղումով։

Ավելի վաղ LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել էին Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանն էլ 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար: Բացի այդ, 100 մլն եվրո հատկացնելու մասին հաղորդել էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն։

Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

Այս խորագրի վերջին նյութերը