Աշխարհ

15.04.2019 15:52


Ֆրանսիացի ներկայացուցիչը՝ Չավուշօղլուին. «Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»

Ֆրանսիացի ներկայացուցիչը՝ Չավուշօղլուին. «Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:

Չավուշօղլուի հայտարարություններից հետո, ի նշան բողոքի` դահլիճը լքած Ֆրանսիայի ներկայացուցիչը ուղիղ եթերում մեկնաբանել է իր քայլը:

Քրիմին նշել է, որ դահլիճը լքել է ֆրանսիացի մյուս պատվիրակների հետ և հավելել, որ ինքը չի փախել, և ոչ էլ կոնֆերանսից իրեն դուրս է հանել արտգործնախարարը:

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ փախչում: Եթե նախարարը ցանկանա դեմառդեմ հանդիպել և քննարկել, ես այստեղ եմ»,- ասել է Քրիմին:

Ծագումով թունիսցի խորհրդարանական Քրիմիի խոսքով` Չավուշօղլուի խոսքերն իրեն հիշեցրել են ծայրահեղ աջակողմյանների փաստարկները, որոնք իր կարծիքով խելահեղ են:

«Այդ փաստարկները բերում է իսլամամետ թուրք պահպանողականների կուսակցությունը, ինչը չափազանց հետաքրքիր է»,-հայտնել է նա:

Նրա փոխանցմամբ` նախապես ֆրանսիացի պատվիրակներին ասել են, թե ինչ պետք է ասել և ինչպես պետք է մտածել:

«Ես ցանկանում եմ տեսնել նաև պատմության մյուս տարբերակները: Մեզ շարունակ ասել են. «Ովքեր ձեզ ասել են, որ Հայոց ցեղասպանություն է եղել, ապա նրանք լավ պատմաբաններ չեն: Մենք լավ պատմաբաններ ունենք: Պիտի լսենք պատմությանը: Ուրիշներին չպետք է հավատաք»»,- նշել է խորհրդարանականը:

Ուղիղ եթերով Քրմին ասել է. «Պատմությունը չեք կարող գրել այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»:

Նշենք, որ այս իրադարձության հետ կապված խորհրդարանականը բազմաթիվ սպառնալից նամակներ է ստացել:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն Ֆրանսիային մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։

Չավուշօղլուն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը, նշել էր, որ դա հակասում է Եվրադատարանի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել էր, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը