Աշխարհ

05.04.2019 13:38


Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն արյան անալիզ են հանձնել

Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն արյան անալիզ են հանձնել

Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճը սկսելուց առաջ արյան անալիզ են հանձնել:

Արյան անալիզը բանավեճն անցկացնելու պայմաններից մեկն էր, որը Զելենսկին ներկայացրել էր գործող նախագահին, որպեսզի «ժողովրդին ապացուցեն, որ իրենց շարքում չկան ո՛չ ալկոհոլամոլներ, ո՛չ թմրամոլներ», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Զելենսկին արյան անալիզը հանձնել է «Եվրալաբ» մասնավոր լաբորատորիայում:

«Արյան անալիզ եմ հանձնել: Ամենը, ինչ պետք էր, իմ ամբողջ արյունը դուրս են քաշել: Բայց, փառք Աստո, դրանից ես շատ ունեմ»,- ասել է Զելենսկին: Նախագահի թեկնածուն հավելել է, որ «3 օրից արդյունքները կստանան էլեկտրոնային փոստով, բոլորին ցույց կտանք, ամեն ինչ պաշտոնապես կլինի»:

Միաժամանակ, նախագահի թեկնածու եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն օրգանիզմում թմրանյութերի եւ ալկոհոլի պարունակության ստուգման անալիզը հանձնել է «Օլիմպիյսկի» բժշկական կենտրոնում: Պորոշենկոյի անալիզը կփոխանցվի 4 բուժհաստատություններ, որոնցից երկուսը պետական է, երկուսը՝ մասնավոր:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի էքսպրես թեստի նյութերի արդյունքներով ոչ մի հոգեակտիվ նյութ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Կիեւի Սոցիոթերապիա նարկոլոգիական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Յարովոյը: Առավել մանրակրկիտ անալիզը կկատարվի առաջիկա ժամերին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին: Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկի արդյուքներով՝ երկրորդ փուլ են անցել Զելենսկին եւ Պորոշենկոն: Շոումենին աջակցել է ընտրողների 30,24 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահին՝ 15,95 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը