Աշխարհ

04.04.2019 19:22


Պոմպեոն զգուշացրել է Չավուշօղլուին․ Թուրքիայի գործողությունները կարող են լինել կործանարար

Պոմպեոն զգուշացրել է Չավուշօղլուին․ Թուրքիայի գործողությունները կարող են լինել կործանարար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որ Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողությունները կարող են կործանարար հետևանքներ ունենալ։

Վաշինգտոնում գտնվող Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մայք Պոմպեոյի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի միջև S-400-ների շուրջ ծագած բանավեճն արդեն իսկ կանխանշում էր, որ երկկողմ հանդիպումը ծանր է լինելու։

Հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը։

«Գործարքն ավարտված է, այլևս հրաժարվել չենք կարող»։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Պոմպեոյի հետ կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններում առկա փորձությունների և օրակարգային թեմաների շուրջ»։

Մինչդեռ հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությունը դիվանագիտական տեսակետից խիստ ձևակերպումներ է պարունակել։

«Նախարար Պոմպեոն զգուշացրել է, որ տարածաշրջանում Թուրքիայի կողմից միակողմանի ռազմական գործողությունները կործանարար հետևանքներ կարող են ունենալ, միևնույն ժամանակ աջակցություն է հայտնել հյուսիսարևելյան Սիրիայի վերաբերյալ բանակցություններին», - նշել է խոսնակը։

Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի գնման առթիվ, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին։

Այս խորագրի վերջին նյութերը